02:11 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)
995210

Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով` անտուն մնացած մարդիկ երկու անգամ շատ են շրջանում առկա ազատ բնակարաններից։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, ևս երկուսն էլ կանցնեն։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ ութ գյուղերում ընդհանուր առմամբ 2733 մարդ է ապրել, որոնք բոլորը մնացել են առանց տների։

«Պատերազմի ժամանակ հակառակորդը գրավել է Ասկերանի վեց գյուղ` Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Սխնախը, Ջրաղացները և Մոշխմհատը։ Այդ գյուղերից 2233 մարդ` 525 ընտանիք, մնացել են առանց տան, այժմ նրանք Հայաստանի Հանրապետությունում են։ Եվս երկու գյուղից ներկա պահին են տարհանվում բնակիչները։ Խոսքը Արմենակավան և Ուղտասար գյուղերի մասին է, առաջինում բնակվում է 150 մարդ, երկրորդում` 350։ Մինչև վերջին պահը հստակ չէր` այդ գյուղերն անցնում են հակառակորդի վերահսկողության տակ, թե ոչ։ Երկու օր առաջ է պարզվել, որ համաձայն եռակողմ հայտարարության` դրանք էլ են դառնալու Ադրբեջանինը», – նշեց Մանգասարյանը։

Այժմ Արմենակավանի և Ուղտասարի բնակիչները շտապ տարհանում են իրենց գույքը, սակայն դեռևս բոլորը չեն տեղափոխվել. տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան։ Մանգասարյանի խոսքով` օրական մի քանի անգամ պետության աջակցությամբ մեքենաներ են գնում–գալիս գյուղեր, սակայն դեռ տեղափոխելու իրեր և մարդիկ կան։

«Արմենակավանի և Ուղտասարի բնակիչները շատ նեղսրտած են. իրենց 30 տարվա ստեղծածը թողնում են հակառակորդին», – պատմեց պաշտոնյան։

Ասկերանի կորսված ութ գյուղերի բնակիչներին սկզբնական շրջանում ծրագրված էր Ասկերանի շրջանի այլ համայնքներում տեղավորել, սակայն բնակֆոնդի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով` անտուն մնացած մարդիկ երկու անգամ շատ են շրջանում առկա ազատ բնակարաններից։

«Ստացվում է, որ պետք է Ստեփանակերտ էլ տեղափոխենք մարդկանց, բայց այնտեղ նաև պետք է տեղավորվեն Շուշիի և Հադրութի բնակիչները։ Մի խոսքով` ահավոր վիճակ է։ Ըստ այդմ` ուզում եմ կոչով դիմել արցախցիներին. եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք Արցախ։ Մենք ծրագրում ենք Ասկերանում դպրոցների, մանկապարտեզների շենքերը հարմարեցնել բնակության համար։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Մահճակալ չկա, խոհանոցային պարագաներ չկան։ Իսկ մարդիկ Հայաստանից գալիս են, ու փաստի առաջ ենք կանգնում», – ասաց Մանգասարյանը։

Նրա խոսքով` օրական 20-22 ժամ հեռախոսով խոսում է Հայաստանում գտնվող ասկերանցիների հետ, բայց միևնույնն է` նրանցից շատերը վերադառնում են Արցախ և խնդրում տան հարց լուծել։

«Մի քանի օր առաջ հինգ երեխաներով եկան իմ աշխատասենյակ ու ասում են` դե, տեղավորեք։ Եթե մարդիկ այստեղ տուն ունեն, հենց մեկը Ասկերանի բնակիչները, թող վերադառնան, ի սեր աստծո, դռները բաց են, թող գան, որ վերադառնանք առօրյա կյանքին։ Բայց տուն կորցրածների հապճեպ վերադարձը սխալ է։ Ես սա չեմ ասում, որ խուճապ լինի, բոլոր խնդիրներն էլ լուծելի են, բայց փուլ առ փուլ», – շեշտեց Մանգասարյանը։

Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ Արցախում բնակարաններ կորցրած անձինք պետք է մշտական կապի մեջ լինեն համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` այցելելով կամ զանգահարելով ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065):

Նշենք, որ համաձայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության` Ադրբեջանին են անցնում այն տարածքները, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն գրավել է պատերազմի ժամանակ, ինչպես նաև Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջանները։ Քանի որ այդ շրջանները Խորհրդային Ադրբեջանի վարչական բաժանման շրջաններն են և մեծամասամբ չեն համընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների հետ, այդ պատճառով որոշ համայնքների ճակատագիրը պարզվել է միայն վերջին օրերին։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)

Ըստ թեմայի

Որտեղ են տեղավորում տունը կորցրած արցախցիներին. Ստեփանակերտի քաղաքապետը մանրամասնում է
Արցախում խաղաղությունը երերուն է, կամ «նոր աշխարհի» վտանգավոր անորոշությունները
Մեկ օրում Արցախ է վերադարձել 1199 մարդ. Կոնաշենկով
թեգերը:
Ասկերան, Արցախ

Գլխավոր թեմաներ