ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր հայտնել է, որ մեկ օրում ավելի քան երկու հազար մարդ Ղարաբաղ է վերադարձել։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ խաղաղապահներին աջակցությամբ ավելի քան 15 հազար մարդ է բնակության վայր վերադարձել։
«Փախստականները Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ ավելի քան 15 հազար մարդ է վերադարձել», - ասել է նա։
Կոնաշենկովը խոսել է նաև հրադադարի ռեժիմի պահպանման մասին։
«Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում 23 դիտակետում ու վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը պատասխանատվության հյուսիսային ու հարավային գոտիներում։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - ասել է նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են