07:27 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
1266 0 0

Ինչո՞ւ փոխվեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սցենարը։ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից։

Էդվարդ Նալբանդյանը` 2008-2018 թվականներին Հայաստանի արտաքին գործերի նախարարը, տասը տարի ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների անմիջական մասնակիցը, համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիայի խմբագրության հարցերին։

- Պարո՛ն Նալբանդյան, այսօր Հայաստանում բուռն քննարկվում են Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմին վերաբերող հարցերը, դրա հետևանքներն ու կարգավորման հեռանկարները։ Մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև դրան նախորդող բանակցությունները, որոնք ուղղված էին հարցի կարգավորմանը, մասնավորապես՝ այնպիսի բաղադրիչներին, ինչպիսիք են տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Հայաստանն ու Արցախը կապող միջանցքը, անվտանգության երաշխիքները։ Կարո՞ղ եք ներկայացնել բանակցությունների որոշ մանրամասներ այդ հարցերի շուրջ։

Ինչպես արդեն նշել էի հոդվածիս մեջ, որը ձեր կայքը հրապարակել է այս տարվա հոկտեմբերի 15-ին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից առաջարկված և բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցված, փուլային իրագործմամբ։ Կրկնում եմ՝ բոլոր բաղադրիչները` փոխկապակցված։ Հայտնի է, որ 2008-2018 թվականներին միջնորդական ջանքերում առանցքային դրակատարություն ուներ Ռուսաստանը՝ երկու այլ համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի լիակատար աջակցությամբ։

Բանակցությունների առարկա դարձած վերջին աշխատանքային փաստաթուղթն այն էր, ինչպես ընդգծել էի իմ հոդվածում, որը ներկայացվել է Կազանի գագաթնաժողովում 2011 թվականի հունիսին։ Սակայն հետո էլ՝ 2011- 2018 թվականներին, ինտենսիվ բանակցություններ էին իրականացվում։ Տասը գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպում, տասնյակ առանձին հանդիպումներ համանախագահ երկրների դեսպան միջնորդների հետ։

Թեև այդ ընթացքում Ռուսաստանի և համանախագահ երկրների կողմից ներկայացված մշակումներն աշխատանքային փաստաթղթեր չդարձան, այնուամենայնիվ, դրանց հիման վրա ձևավորվել էր Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման մոտեցումների լուրջ բազա, և որը զանազան տարբերակներով ներառում էր Կազանի փաստաթղթում առկա բոլոր բաղադրիչները ։ Միաժամանակ հայկական կողմն ասել է, որ այդ մոտեցումները գրեթե համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորել են արցախահայության իրավունքների վերականգնումը

Կազանում որևէ փաստաթղթի ստորագրում չէր նախատեսվում։ Խոսքը հիմնարար սկզբունքների բանավոր համաձայնեցման մասին էր։ Նախագահները միայն Լեռնային Ղարաբաղի հավանությունը ստանալուց հետո պետք է արտգործնախարարներին հանձնարարեին Արցախի ներկայացուցիչների հետ համատեղ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ պատրաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի նախագիծը։

Ինչի՞ մասին էր խոսքը Կազանի փաստաթղթում.

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանում, ոչ թե ճշգրտում

Նախատեսվում էր, որ վերջնական կարգավիճակը սահմանվելու էր համաժողովրդական քվեարկությամբ, որն արտահայտելու էր Արցախի բնակչության ազատ կամարտահայտումը, և դա իրավաբանորեն պարտադիր ուժ էր ունենալու։ Միաժամանակ ընդգծվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչ մի կերպ չի սահմանափակվելու՝ առաջարկելով ցանկացած կարգավիճակի ընտրություն։ Քվեարկությանը մասնակցող անձինք ասելով՝ նկատի էր առնվում ցանկացած ազգության պատկանող բնակիչները (նույն համամասնությամբ), ինչպես եղել է Ղարաբաղում 1988 թվականին` մինչ հակամարտության սկիզբը (խոսքը միայն ու միայն ընտրություններին մասնակցելու տոկոսային հարաբերակցության մասին էր, և ոչ որևիցե այլ բանի)։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Մինչ կարգավիճակի վերջնական սահմանումն Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ իրացման մանրամասն նկարագրությամբ, այդ թվում՝ օրենսդրական ու գործադիր իշխանության մարմինների ձևավորում ու նրանց գործառույթների իրականացում, դատարանների, իրավապահ ուժերի ձևավորում, արտաքին կապերի իրականացում այն ոլորտներում, որոնք նախատեսված կլինեին պայմանագրով, ուղիղ միջազգային ներդրումների իրականացում ու միջազգային շուկաների հասանելիություն։ Այդ ամենը գործնականում նշանակում էր «ստատուս քվո +»։

Անվտանգության երաշխիքներ

Միջանկյալ կարգավիճակի պայմաններում անվտանգության բազմաշերտ երաշխիքներ էին նախատեսվում. Ադրբեջանը պարտավորվում էր ուժ չկիրառել Արցախի դեմ, իրականացվում էր խաղաղության պահպանման միջազգային գործողություն՝ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, Հայաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերակատարության ճանաչում, Արցախի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովում, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքներ, նաև այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունում։

Հայաստանն ու Արցախը կապող միջանցք

Մինչև վերջնական կարգավիճակի սահմանումը Հայաստանն ու Արցախը կապող միջանցքի անվտանգության ու օգտագործման հետ կապված բոլոր հարցերը պետք է ապահովվեին ու որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ ստատուս քվոյի պայմաններում, որը գոյություն ուներ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Միջանցքի վերջնական կարգավիճակն ու դրա լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման համատեքստում։

Տարածքների վերադարձ

Փաթեթային պայմանավորվածության շրջանակում այնպիսի չափորոշիչներով, ինչպիսիք էին վերջնական կարգավիճակի սահմանումը, միջանկյալ կարգավիճակը, միջանցքն ու այլ տարրերը, հստակ միջազգային ու անվտանգության այլ երաշխիքների առկայության, նաև խաղաղություն պահպանող ուժերի տեղակայումից հետո նախատեսվում էր վերադարձնել հինգ շրջանները։

Միջանցքից դուրս Լաչինի և Քաշաթաղի շրջանների վերադարձը նախատեսվում էր փոխկապակցել Արցախի վերջնական կարգավիճակի հաստատման նպատակով անցկացվելիք ազատ կամարտահայտման կազմակերպչական հարցերի լուծման հետ։ Միաժամանակ նշվում էր, որ կողմերը ձգտելու են համաձայնեցնել այդ հարցերն այնպես, որ համապատասխան պայմանավորվածությունները սկսեն կյանքի կոչվել խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց։

Շատ կարևոր էր, որ Հայաստանի ու համանախագահների դիրքորոշումները գրեթե համընկնում էին։ Իսկ Ադրբեջանը, չհամաձայնելով, փաստացի հակադրում էր իրեն միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այսինքն՝ միջազգային հանրությանը։

2018 թվականին նախարարի պաշտոնից հեռանալիս ընդգծեցի, որ կարևոր է շարունակել ջանքերն ուղղված այս տարիների ընթացքում բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների պահմանմանը, ամրապնդմանը և կատարելագործմանը, խաղաղ կարգավորման հասնելու համար։

Ակնհայտ էր, որ այս ամենից հեքայլը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նման կարծիք ունեին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լավրովի հետ քննարկել են հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը

Ըստ թեմայի

Հուսով եմ` շուտով չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը. Պուտին
Մի շարք հարցեր մնացել են չլուծված. ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ԼՂ հակամարտության մասին
Ինչ գիտեն Ղարաբաղյան հակամարտության մասին Ռուսաստանում. հարցում
թեգերը:
բանակցային գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Էդվարդ Նալբանդյան

Գլխավոր թեմաներ