06:08 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Արցախ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Արցախի արտգործնախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն իրականացման վերաբերյալ։ Որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի դիտավորյալ ավերման մասին։ Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։

Նախարարն ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։ Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտների դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։

ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։

Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։

թեգերը:
Դավիթ Բաբայան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ