ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 104 փախստական։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ այդմ` 2020թ. նոյեմբերի 14-ից ի վեր իրենց բնակության վայրեր վերադարձածների թիվը հասել է 51 739–ի:
ՌԴ ՊՆ–ն տեղեկացնում է նաև, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները:
Մեկ օրում մաքրվել է 39 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 18 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 47 պայթյունավտանգ առարկա: 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 շինություն, այդ թվում` սոցիալական կարևորություն ունեցող 27 օբյեկտ, հայտնաբերվել, վնասազերծվել է 23 936 պայթուցիկ առարկա:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: