17:13 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Иран

Իրանի աշխարհաքաղաքական դերը կարող է փոխվել 180 աստիճանով

© Sputnik/
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Յարալյանի կարծիքով` Իրանը կարող է ներգրավվել նախ տարածաշրջանային, ապա համաշխարհային մասշտաբի բոլոր գործընթացներում:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի–Sputnik. Իրանի աշխարհաքաղաքական դերը հետայսու կարող է 180 աստիճանով փոխվել, Իրանը կարող է ներգրավվել նախ տարածաշրջանային, ապա համաշխարհային մասշտաբի բոլոր գործընթացներում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը` մեկնաբանելով Հայաստանի համար Իրանի պատժամիջոցների վերացման դրական և բացասական կողմերը։

Յարալյանը նշել է, որ հակված է այն կարծիքին, որ այս գործընթացը Հայաստանի համար դրական է լինելու:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

«Բացասականը բացատրվում է նրանով, որ Հայաստանի դերը կարևորվում է Իրանի մեկուսացված վիճակում, քանի որ Հայաստանն Իրանի համար, ըստ էության, այն պատուհաններից էր, որի միջոցով Իրանը կարողանում էր հաղորդակցվել մյուս երկրների հետ, և այդ դերը կարող է նվազել», – նշել է Յարալյանը։

Նրա խոսքով` Հայաստանի դերը ևս կկարևորվի, եթե Իրանն ակտիվորեն ներգրավվի պրոցեսների մեջ։

Յարալյանը նշել է, որ պատմական է համարում Իրանի և միջազգային միջնորդների կողմից ձեռք բերված համաձայնագիրը։

«Իսկապես, այսօր պատմական իրադարձություն տեղի ունցավ` ստորագրվեց այդ պայմանագիրը: Ըստ այդ համաձայնության՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն իրականացվելու է երկու փուլով», – նշել է փորձագետը։

Նրա խոսքով` այլևս ոչինչ չի խոչընդոտի, որպեսզի այդ պատժամիջոցները վերացվեն, և Իրանն ակտիվորեն ներգրավվի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներում։

«Զիջումների գնացել է և իրանական կողմը, և Արևմուտքը», – նշել է նա։

Յարալյանը չի բացառում, որ Իրանի ներսում այս համաձայնագրի հաստատումը կարժանանա որոշակի քննադատության, հատկապես պահպանողական ուժերի կողմից։

«Բայց կարծում եմ, որ Իրանի հասարակության ճնշող մեծամասնությունը, այնուամենայնիվ, կողջունի համաձայնագիրը, ինչը կնպաստի նաև կառավարության դիրքի ավելի ամրապնդմանը», – նշել է փորձագետը։

Նրա խոսքով` Իրանում այսուհետև լուրջ փոփոխություններ կլինեն, և այն ավելի տեսանելի, գործուն և ազատ դերակատարում կունենա տարածաշրջանային գործընթացներում, մասնավորապես՝ խոչընդոտ դառնալ իսլամիստ ծայրահեղականների առաջխաղացմանը։

«Մինչև այս պահն Իրանին այդ հնարավությունը չի տրվել: Իրանն ընդգրկված չէր «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիոն ուժերի կազում»,– նշել է Յարալյանը։

Նրա խոսքով` այդ համաձայնագիրը պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ տարածաշրջանում ինչ-որ տեղ գործընթացները դուրս էին եկել վերահսկողությունից, և Իրանի ներգրավվածությունն այդ պրոցեսներում այլևս դարձել էր հրամայական։

Իրանագետը չի բացառում, որ Իրանը կարող է վերագտնել իր նախկին դերը և դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից մեկը, ինչպես մինչև իսլամական հեղափոխությունն էր։

«Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և բնավ չի կարելի բացառել այն, որ տարածաշրջանում Իրանը կարող է վերագտնել այն դերը, որն ունեցել է մինչ հեղափոխությունը», –նշել է Յարալյանը։

Նրա խոսքով` աշխարհի գերտերություններին Իրանը բազմիցս մեսիջներ է հղել՝ հասկացնելով, որ չի պատրաստվում հարել որևէ բևեռի և պատրաստվում է լինել ինքնուրույն գործոն:

Ըստ Յարալյանի` գործընթացները կզարգանան հենց այս տրամաբանությամբ, և Իրանը հնարավորություն կունենա համաչափորեն զարգացնել հարաբերությունները թե Ռուսաստանի, թե Արևմուտքի  հետ։

«Այս մեսիջները, կարծում եմ, հասել էին թե ռուսներին, թե Արևմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին: Հետեւաբար՝ այս համաձայնագրի կայացումը եղավ այն եզակի կետերից մեկը, որի շուրջ Ռուսաստանի ու Արևմուտքի շահերը, կարծես, համընկան», – նշել է փորձագետը։

Նրա խոսքով` եթե այդպես չլիներ, միգուցե այս համաձայնագիրը չլիներ, բայց, փաստորեն, Իրանի քաղաքական վերնախավի՝ ամիսներ շարունակ հղած ուղերձները, տեղ են հասել։

Գլխավոր թեմաներ