12:27 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Саргис Григорян

Արաբագետ. «Իսլամական պետությունն» աշխարհի ամենամեծ սպառնալիք ներկայացնող կառույցն է

© Боон
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
558 0 0

Ահաբեկչական խմբավորումն արժեհամակարգի պայքար է տանում, հետևաբար բանակցային սեղանի շուրջ նստելը և բանակցելն ի սկզբանե տապալված է

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի–Sputnik. «Իսլամական պետություն» խմբավորումն աշխարհի ամենավտանգավոր, ամենամեծ սպառնալիք ներկայացնող կառույցն է: Այն մի նոր նշաձող է սահմանել, որին պետք է ձգտեն հասնել իսլամական ահաբեկչական կառույցները:  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման մեկնաբանություն է արել արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Համեմատականներ անցկացնելով  «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման և «Իսլամական պետության» միջև, արաբագետն ընդգծել է՝ «Իսլամական պետությունը» վերահսկում է տարածքներ, մինչդեռ «Ալ Քաիդան» տարածքներ չէր վերահսկում:  Բացի դրանից, «Ալ Քաիդան» ուներ ռազմաբազաներ հիմնականում մահմեդական երկրներում, բայց չէր հսկում տարածքները:

««Իսլամական պետությունն»  ամենահարուստ իսլամական ծայրահեղական կառույցն է, «Ալ Քաիդան» չի ունեցել ֆինանսական նման հնարավորություններ: Այս կառույցի համար մերձավոր թշնամու դեմ պայքարելու փայլուն հնարավորություններ է ստեղծվել, մինչդեռ «Ալ Քաիդան» կենտրոնացած էր հեռավոր թշնամու դեմ, նկատի ունեմ Արևմուտքին, ինչն էլ, ըստ որոշ փորձագետների, թուլացրեց կառույցի դիրքերը»,-նշել է Սարգիս Գրիգորյանը:

«Իսլամական պետություն» խմբավորումը կոտրել է ահաբեկիչների մասին  կարծրատիպերը:  Արաբագետի խոսքով՝ ի տարբերություն չմտածված, անվերահսկելի գործողություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումների՝ այս կառույցի գործողությունների հետևում նկատվում է միտք, ռազմավարություն, թիրախների նպատակային ընտրություն: ««Իսլամական պետություն» խմբավորման կարգախոսներից մեկը «հիմնվել և ընդլայնվել»–ն է: Հիմնվել է և հիմա փորձում է ընդլայնվել, ինչը սակայն հիմա չի հաջողվում, քանի որ իսլամիստների դիրքերի ուղղությամբ հասցվում են օդային հարվածներ»,-ասել է նա:

Բանախոսը նկատել է, որ ահաբեկչական խմբավորումն արժեհամակարգի պայքար է տանում, հետևաբար բանակցային սեղանի շուրջ նստելն ու բանակցելն ի սկզբանե  տապալված է: «Նրանց համար ընդունված չէ անհավատի հետ բանակցելը, հետևաբար՝ նրանք պետք է գլխատեն, սպանեն…»,-ընդգծել է Գրիգորյանը:

Արաբագետի դիտարկմամբ՝ եթե մինչև 2010 թվականը Պարսից ծոցի արաբական հարուստ միապետությունները և Թուրքիան աջակցում էին իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներին, ապա 2013-ից «Իսլամական պետությունը»  դուրս եկավ այդ ցանկից: «Նրանք դարձան անվերահսկելի, սկսեցին պայքարել բոլորի դեմ, ընդ որում՝ այն կառույցների դեմ, որոնք աջակցություն էին  ստանում Պարսից ծոցի միապետություններից և Թուրքիայից»,-նշել է Սարգիս Գրիգորյանը:

Գլխավոր թեմաներ