22:26 18 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Иран

Իրանը գազ է տալիս. կապույտ վառելիքն ու կովկասյան երկրները

© Sputnik/
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Իրանը պատժամիջոցների չեղարկումից հետո նավթի ու գազի համաշխարհային շուկա է վերադառնում, ինչպես նաև այլ շուկաներ փնտրում։ Այս առումով հետաքրքրություն են ներկայացնում կովկասյան երկրները

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik. Իրանն էներգառեսուրսների սպառման նոր շուկաներ է փնտրում, ու Անդրկովկասի երկրներն այս առումով առավել առաջնային են։ Սակայն Մոսկվայի համար Թեհրանը մրցակից չի դառնա, Sputnik-ին է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական ու իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը։

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը գազի պակաս է զգում ու մտադիր է կապույտ վառելիք գնել։ Գազի լրացուցիչ ծավալների վերաբերյալ բանակցությունները տարվում են ինչպես ռուսական «Գազպրոմի» հետ, այնպես էլ Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ Վրաստան գազի հնարավոր մատակարարման մասին սկսել է խոսել նաև Թեհրանը։
Վրաստանում Իրանի դեսպան Աբաս Թալեբի-Ֆարին փետրվարի կեսերին հաստատել էր, որ Իրանից բնական գազի ներկրման համար բոլոր տեխնիկական հնարավորությունները կան, սակայն դրանք անհրաժեշտ է մշակել։

Բարեկամությո՞ւն, թե՞ շահ

Պատժամիջոցների մասնակի չեղարկումից հետո Իրանը վերադառնում է գազի ու նավթի համաշխարհային շուկա ու բնականաբար այնպիսի շուկաներ է փնտրում, որտեղ կարելի է տանել արտադրանքը, պարզաբանում է Դոլգովը։

Այս առումով Անդրկովկասի երկրները, որոնց հետ համագործակցությամբ շահագրգռված է Թեհրանը, առաջնային կլինեն. այստեղ դեր են խաղում նաև պատմական հին կապերն ու տարածքային առումով մոտ լինելը։

Այսպես, օրինակ, հավանականությունը, որ գազի մատակարարման վերաբերյալ Թբիլիսիի հետ բանակցությունները հաջող կլինեն, բավական բարձր է, կարծում է քաղաքագետը` հաշվի առնելով, որ կապույտ վառելիքի մատակարարման մասին պայմանավորվածություններ Իրանն արդեն ունի նաև տարածաշրջանի այլ երկրների` Ադրբեջանի ու Հայաստանի հետ ։

«Թեհրանը Մոսկվայի դաշնակիցն է, մասնավորապես սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այսօր Ռուսաստանը մտերմանում է Իրանի հետ. ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, համաձայնագրերի փաթեթներ, որոնք պետք է իրականացվեն։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետ լուրջ մրցակցություն ոչ Վրաստանում, ոչ էլ Թեհրանի մյուս տարածաշրջաններում չի լինի», — համոզված է Դոլգովը։

Կհաղթի փոխզիջումը

Իրանից Վրաստան բնական գազի մատակարարման հնարավոր տարբերակների շարքում ուսումնասիրվում է, ինչպես նշել է Թալեբի-Ֆարին, նաև հայկական ճանապարհը, ինչպես նաև ադրբեջանական ենթակառուցվածքների օգտագործումը։

Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության միության առաջատար փորձագետ Ռուստամ Տանկաևի համոզմամբ` առավել իրատեսական է երրորդ տարբերակը, որը նախատեսում է փոխարինման սկզբունքը. այդ պայմաններում համագործակցություն կլինի Թեհրանի, Թբիլիսիի, «Գազպրոմի» ու Երևանի միջև։
Ընդ որում` փորձագետը կարծում է, որ Թեհրանը կարող է Թբիլիսիին գազի մրցակցային գին առաջարկել։

«Ինչ վերաբերում է իրանական գազի գներին, դրանք հաստատ շուկայական կլինեն. չկան այնպիսի քաղաքական կամ այլ պատճառներ, որոնք կստիպեն Իրանին գազ վաճառել Վրաստանին շուկայականից ավելի ցածր գնով։ Ավելի շուտ հակառակը` իրանական կողմը, հաշվի առնելով սպառման այդ շուկայով ոչ մեծ շահագրգռվածությունը, կարող է նույնիսկ ավելի թանկացնել գները», — կարծում է Տանկաևը։

Ռուսաստանը, ինչպես և մյուսները, փորձագետի կարծիքով, այնքան էլ հետաքրքրված չէ վրացական շուկայով, սակայն դրանից հրաժարվելը նույնպես ռազմավարական սխալ կլիներ։ Այդ իսկ պատճառով, Տանկաևի կարծիքով, այստեղ ավելի շուտ որոշակի փոխզիջումներ կլինեն։

 

 

Գլխավոր թեմաներ