04:15 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Գազ

Վրաստան–«Գազպրոմ». չկայացած հարաբերությունները և հայկական գործոնը

© Sputnik/ Евгений Биятов
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
3510

Մի շարք ԶԼՄ-ների տեղեկությամբ` «Գազպրոմի» և վրացական «Գազկո+» ԲԲԸ-ի միջև առանց կառավարության իմացության համաձայնագիր էր ստորագրվել կոմերցիոն գազի վաճառքի մասին: Ի՞նչ է սա նշանակում, և ո՞րն է Հայաստանի դերն այստեղ, պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ռուսական գազի առուվաճառքի պայմանագիրը, որը օրեր առաջ ստորագրվել էր Պետերբուրգի միջազգային ֆորումի շրջանակում, մտահոգել է Վրաստանի քաղաքագետներին և հասարակությանը:

Կոմերցիոն սուբյեկտների կարիքների համար 100 մլն խմ գազի մատակարարման համաձայնագիրը ստորագրվել էր «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերի և վրացական «Գազկո+» ԲԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Գեորգի Մամալաձեի կողմից, հայտնում է «Գազպրոմ» ընկերության մամուլի ծառայությունը:

Պայմանագրի համաձայն` կողմերը պարտավորվում են գազի առուվաճառքի մասին համաձայնագիրն իրականացնել 2016 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` չբացառելով հետագա երկարացումը: Սակայն Վրաստանի իշխող քաղաքական վերնախավը ժխտում է համաձայնագրի ձևակերպման փաստը` ասելով, որ Վրաստանի էներգետիկայի նախարարություն որևէ դիմում չի ստացվել:

Վրաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերը կարծում են, որ սա արվել է «Գազպրոմին» հեշտորեն մտցնելու համար վրացական գազի շուկա, որտեղ մենաշնորհային դիրք ունի Ադրբեջանը։ Իրավիճակը բարդանում է նաև այն հանգամանքով, որ մի շարք վրացական ԶԼՄ-ներ հայտնում են` Մամալաձեն Ռուսաստանի քաղաքացի է:

Հայկական տարանցման հետքերով

Ռուսաստանից դեպի Հայաստան բնական գազի տարանցման շնորհիվ Վրաստանը կապույտ վառելիքով է ապահովում իր բնակչության շուրջ 10%-ին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը հանդես է գալիս որպես Ռուսաստանին և Վրաստանին կապող օղակ` երկու երկրների արտաքին գերատեսչությունների գործակցության տարբեր բնագավառներում:

«2008 թվականի օգոստոսից հետո Հայաստանն իսկապես կարողացավ բանակցությունների սեղանի շուրջ բերել Վրաստանի էներգետիկայի նախարարությանն ու ռուսական «Գազպրոմին»` դեպի Հայաստան ռուսական գազի անխափան տարանցումն ապահովելու հարցով», — Sputnik Արմենիային ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը:

Նրա խոսքով` այս շղթայի ևս մեկ օղակը դարձավ էլեկտրաէներգիայի ոլորտում Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան գծով տարածաշրջանային փոխգործակցությունը: Այս համատեքստում հարկ է նշել Թբիլիսիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը USAID-ի ներկայացուցիչների, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ` հայկական և էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլու գլխավորությամբ` վրացական պատվիրակությունների միջև:

Կողմերը քննարկեցին ազատ էներգետիկ շուկայի գոտու ստեղծման և զարգացման, ինչպես նաև Մառնեուլի-Այրում էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման գործընթացի հարցը: Գիծը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև:
Ավելի վաղ քննարկվում էր Երևանի և Մոսկվայի մասնակցությամբ դեպի Վրաստան իրանական գազի սվոպային մատակարարում իրականացնելու հնարավորությունը, որի շնորհիվ Վրաստանը կունենար իրանական գազ, Հայաստանն էլ` ռուսական:
Սակայն համաձայնագիրն այդպես էլ չձևակերպվեց, և Վրաստանը լրացուցիչ 500 մլն խմ գազ ստացավ Բաքվից:

Սակայն Երևանում կարծում են, որ Ռուսաստանից Վրաստան կոմերցիոն գազի մատակարարման համաձայնագիրը հուշում է, որ սվոպային մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն, այնուամենայնիվ, ուժի մեջ կմտնեն 2017 թվականին:

«Վրաստանի իշխանության ընդդիմախոսների մտավախությունները բացարձակ անհիմն են ներկա պահին, քանի որ ռուսական գազի մասնաբաժինը Վրաստանի գազի ոլորտում վերջին տարիներին չի գերազանցել 15%-ը, իսկ մենաշնորհն այս շուկայում հենց հարևան Ադրբեջանի SOCAR ընկերությանն է», — ասաց Մելիքյանը:

Ամեն ինչի «մեղավորը» «Գազպրոմն» է 

Էներգետիկ հարցերը, ավելի կոնկրետ Վրաստան-«Գազպրոմ» փոխհարաբերություններն ընտրություններից առաջ վրացական Միասնական ազգային շարժում (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության հիմնական քաղաքարտերից է։ Ավելի վաղ տվյալ քաղաքական ուժը բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր խափանել Վրաստանի կառավարության և «Գազպրոմի» բանակցությունները` դեպի Հայաստան ռուսական գազի տարացնման, ինչպես նաև գործարար սուբյեկտների համար առևտրային գազ գնելու մասին։ 

Նրանցից, թերևս, չկախված հանգամանքներից այս գործարքն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու համախոհները` ՄԱՇ-ի անդամները, այս «հաղթանակն» իրենց վերագրեցին (Վրաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև բանակցությունների տապալումը):

«Տապալման» պատճառն այն է, որ առաջին հերթին` վրացական իշխող վերնախավը չէր ցանկանում ընտրություններից առաջ ՄԱՇ-ին և նրանց համախոհ կուսակցություններին մեծ հաղթաթուղթ տալ ռուսական գազի հարցում, և երկրորդ` անհրաժեշտ ծավալի կոմերցիոն գազ հատկացվել էր Վրաստանի ռազմավարական գործընկեր Ադրբեջանից», — եզրափակեց Մելիքյանը:

Վերջին ժամանակներում Վրաստանի կառավարությունը մտադիր էր գազի լրացուցիչ մատակարարման վերաբերյալ «Գազպրոմի» հետ համաձայնագիր ստորագրել, սակայն արդյունքում 500 մլն խմ գազ Վրաստան կմատակարարվի հիմնական մատակարար Ադրբեջանի կողմից: «Գազպրոմի» հետ գործում է միայն հին համաձայնագիրը:

Սակայն գործարքը, որը Վրաստանի որոշ ուժերի հանգիստ չի տալիս, որևէ արտասովոր բան իրենից չի ներկայացնում: Քանի որ անկախ նրանից, որ Վրաստանը 2000-ականների երկրորդ կեսին ամբողջությամբ հրաժարվել է ռուսական գազից բնակչության կարիքները հոգալու համար, այնուամենայնիվ տարբեր տարիների աննշան քանակության, սակայն որոշակի ծավալի կոմերցիոն գազ ձեռք էր բերում տնտեսվարող սուբյեկտների, օրինակ, ՋԷԿ-երի համար: