01:09 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը չի մեկնաբանում իրեն խոստացված նոր պաշտոնի մասին լուրերը

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Արծվիկ Մինասյանն այսօր չցանկացավ մեկնաբանել իր նոր պաշտոնի մասին տեղեկությունները: Փոխարենը վերահաստատեց էկոնոմիկայի նախարարության անվանման մասին իր տեսակետը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իր` բնապահպանության նախարար նշանակվելու մասին լուրերը:

«Մինչ կառավարության կազմավորումը, կարծում եմ պատշաճ չէ այդ հարցին անդրադառնալը: Ես բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի տեղն ու դիրքը: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ բնապահպանական խնդիրներին, ապա ինձ համար գերակա է Սահմանադրությունը»,- ասաց Մինասյանը:

Ներկայացնելով Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանելու վերաբերյալ իր դիրքորոշումը` նախարարի պաշտոնակատարը դարձյալ կրկնեց իր տեսակետը, որ այն պետք է պահպաներ իր նախկին բովանդակությունը:

«Ցանկացած փոփոխություն որոշակի առումով նաև բացասական հետևանքներ է առաջացնում: Մյուս կողմից, անվանումն ինքը պետք է բովանդակությունն արտահայտի: Հետևաբար, ես մնում եմ իմ տեսակետին, որ «էկոնոմիկա» անվանումը կարող ենք հայերեն նույնիսկ տնտեսություն թարգմանել, որովհետև անգլերեն կամ ռուսերեն թարգմանելով՝ տնտեսություն բառն ի վերջո էկոնոմիկա է դառնում»,- ասաց նա:

Հիշեցնենք, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում առաջարկել էր Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ձեռներեցության աջակցման և ներդրումների նախարարություն, Արծվիկ Մինասյանն այդ գաղափարին դեմ էր արտահայտվել: Կառավարության ներկայացրած կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքի նախագծում այդ նախարարությունը վերանվանվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Արծվիկ Մինասյանն այդ կառույցն այլևս չի ղեկավարելու և փոխարինելու է բնապահպանության նախարարին: Երեկ այս տեղեկությունները հաստատեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:

Գլխավոր թեմաներ