08:45 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
5310

Դոնալդ Թրամփի հաղթանակը Հայոց ցեղասպանության ճանաչման առաջխաղացման հարցում ոչինչ չի տա ԱՄՆ–ի հայ համայնքին, քանի որ նորընտիր նախագահն առաջին հերթին ղեկավարվում է ազգային շահերով։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հանրապետական Դոնալդ Թրամփը, որը կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, հազիվ թե ցանկանա ժամանակ հատկացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, կարծում է փորձագետ, ամերիկագետ Արեգ Գալստյանը։

«Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ և առաջնորդվելու է Ամերիկայի ազգային շահերով, որոնք ենթադրում են Թուրքիայի հետ ակտիվ համագործակցություն»,- ասաց Գալստյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով` Թուրքիան բոլոր առումներով կարևոր է ամերիկացիների համար` սկսած լոգիստիկայից, վերջացրած Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերով։ Դրա հետ կապված` փորձագետն առաջխաղացում չի տեսնում Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

«Ինձ թվում է, որ Թրամփը և նոր սերնդի հանրապետականները` սկսած Բուշ կրտսերից, հազիվ թե ցանկանան զբաղվել այդ հարցով կամ լուրջ ուշադրություն հատկացնեն դրան»,- նշեց Գալստյանը։

Նա կոչ արեց հայ համայնքին աշխատել ԱՄՆ կոնգրեսի հետ` հանրապետական թևում հաջողության հասնելու համար, ինչը կօգնի ազդեցություն ունենալ Սպիտակ տան կարծիքի վրա։

Քանի որ այսօր հայկական սփյուռքը կոնգրեսում հիմնականում կենտրոնացած է դեմոկրատների վրա, հետևաբար հայկական հարցն առկախված է մնում, և հազիվ թե լուրջ փոփոխություններ լինեն այդ ուղղությամբ։

«Չեմ կարծում, որ Քլինթոնը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը, սակայն քանի որ նա դաստիարակված մարդու իրավունքների, հումանիտար աղետների ոգով և ծանոթ է հայկական հարցին, ապա նրա հետ կարելի էր գոնե ինչ-որ բան քննարկել»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով` Դոնալդ Թրամփի հաղթանակն անսպասելի էր ոչ միայն լայն հասարակության, այլ նաև նեղ փորձագիտական միջավայրի համար։ Փորձագետները, հիմնվելով հիմնական վիճակագրական տվյալների և ականավոր քաղտեխնոլոգների կարծիքների վրա, միաձայն պնդում էին, որ 45-րդ նախագահ կդառնա Քլինթոնը։ Դրան նպաստում էր նաև այն, որ Քլինթոնն ընտրություններից մի քանի օր առաջ 4,5 տոկոս առավելություն ուներ և քարոզարշավի ֆավորիտն էր։

Գլխավոր թեմաներ