19:10 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հայկ Մարությանը՝ Հանրապետության հրապարակում  (8 մայիսի 2018 թ.)

Հայկական սև ու սպիտակը. ինչպե՞ս քաղաքապետի աթոռին ձգտող կոմիկն ընկավ լուրջ ցեխի մեջ

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
37230

Արդեն մեկ օր է՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, հայտնի կոմիկ դերասան Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ իրենց թիմի «դեմ խաղ չկա» ու հասարակությունը բաժանվում է «սևերի ու սպիտակների»։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, կոմիկ դերասան Հայկ Մարությանը երեկ բավականին հուզական կերպով է ներկայացրել ներկայիս քաղաքական իրավիճակի իր պատկերացումը։

Նա մի քանի անհաջող արտահայտություն է թույլ տվել, որոնք հասարակության շրջանում մեծ իրարանցում են առաջացրել ու բուռն քննարկվում են սոցիալական ցանցերում։

Մարությանի խոսքով՝ նրա թիմը միակ սպիտակ ուժն  է ու այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ նրանք հաջողության հասնել, համապատասխանաբար սև ուժերն են։ Սակայն  հանրությունն ամենաշատը վրդովվել է «մեր դեմ խաղ չկա» չարաբաստիկ արտահայտությունից ու մարդկանց «սևերի» ու «սպիտակների»  բաժանելուց։

Սոցցանցերում միանգամից զուգահեռներ են անցկացրել նախկին իշխանության ներկայացուցիչների նման արտահայտությունների հետ։ Օգտատերերի մի մասը նշել է, որ Մարությանի հռետորաբանությունը նման է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու մի շարք այլ պաշտոնյաների հռետորաբանությանը, որոնք խոսում էին այն մասին, իրենց իշխանությանն այլընտրանք չկա։

Սոցցանցերի օգտատերերը հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին այն մասին, որ ավելի  վաղ նրանք խոսում եին բոլոր անջատող գծերը մաքրելու ու երկիրը համատեղ ուժերով զարգացնելու մասին։

Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին,  որ իր մոտ դեժավյու է։ Ըստ Բախշյանի՝ ինքը նույնպես հիշել է նախկին իշխանությունների «սպառնալից» հայտարարություններն ու տխրել։

Նա ընդգծեց,  որ Փաշինյանը մշտապես հիմնվում է հասարակության ու ժողովրդական աջակցության վրա, սակայն նրա թիմակիցները սխալ ուղղությամբ են շարժվում ու լուրջ վնաս են տալիս իրենց ու քաղաքական ուժի ապագային։ Բախշյանն ասաց, որ Փաշինյանը չպետք է թույլ տա, որ իր թիմակիցները նման բաներ անեն, քանի որ նրանք վարկաբեկում են հեղափոխությունը։

«Փաշինյանի շուրջ եղած երիտասարդները երեք ամսվա ընթացքում շատ են մեծամտացել։ Մարությանը կրկնում է նախկին իշխանությունների սխալները, որոնց համար, ի դեպ, Փաշինյանի թիմը քննադատում էր նրանց», – նշել է  Բախշյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իր հերթին կարծում է, որ Մարությանի հայտարարությունը միանշանակ բացասական ազդեցություն կունենա Փաշինյանի համբավի վրա։  Դա վատ կանդրադառնա նաև իր՝ որպես քաղաքապետի թեկնածուի համբավի վրա, եթե հաշվի  առնենք հեղափոխության խաղաղասեր հռետորաբանությունը։

Սակայն փորձագետի կարծիքով, սեպտեմբերի 23–ին կայանալիք ավագանու ընտրությունների վրա Մարությանի հայտարարություններն առանձնապես չեն ազդի։ Միաժամանակ Հարությունյանը համոզված է, որ դերասանը չի գիտակցել իր կերպարի փոփոխությունը ու չի հասկանում` որքան լուրջ հետևանքներ կարող են ունենալ իր խոսքերը։

«Նրան պետք է բացատրեն, որ նա այլևս շոումեն չէ, ու իր բոլոր հայտարարությունները կարող են օգտագործվել իր քաղաքական թիմի դեմ», – ընդգծեց նա։

Մինչդեռ «ՔՊ»–ի Ավագանու թեկնածու, հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանը (համացանցում նրան «Բելկա» են անվանում) ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Մարությանը իր թիմի առաջ էր ելույթ ունենում ու այդպես է ասել` իր թիմին ոգևորելու համար։ Նա նաև համարում է, որ նախորդ իշխանությունների հետ համեմատություններն անտեղի են։

«Տպավորություն է, որ մրցակիցներն արդեն իսկ մեր թիմը հաղթած ու պաշտոնավարող են համարում և բողոքում են միահեծան կառավարումից: Իսկ մենք, անտեղյակներս, իզուր ջանքեր ենք գործադրում՝ պատրաստվելով մրցապայքարի», – նշել է նա։

Նա հայտարարել է նաև, որ ոչ ոք հասարակությանը սևերի ու սպիտակների չի բաժանում, քանի որ խոսքն այն ուժերի մասին էր, որոնք չեն ուզում, որ նրանց թիմը հաջողության հասնի. միաժամանակ նա նշել է, որ այդպիսիք քիչ չեն։

«Ինչ վերաբերում է հեղափոխությանը մասնակցած ու սատարածներին. առնվազն տարակուսելի էր, որ իրենք իրենց շտապեցին գցել ռևանշիստական սևերի հետ նույն շարքը: Կարծես թե ասում էին «մենք բոլորին հաջողություն ենք մաղթում», բայց, արի ու տես, իրենք իրենց համարեցին «ուժեր, որոնք չեն ցանկանում, որ մենք հաջողենք»,–ընդգծել էր նա։

Սակայն դա չհանգստացրեց համացանցի օգտատերերին, որոնք մեկնաբանություններում մտահոգություն էին հայտնում ու նույնիսկ ասում էին, որ չեն ցանկանում Մարությանի համար քվեարկել։

Ինքը` Մարությանը, գիտակցելով, որ անհաջող է արտահայտվել, արդեն փորձել է արդարանալ.

«Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա. դա Հայաստանի ժողովուրդն է։

Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։ Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»,–ասել է նա։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցեց Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերի ցուցակները:  Այսպիսով՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք ավագանու ընտրությանը կմասնակցեն հետևյալ 8 կուսակցությունը և կուսակցությունների 4 դաշինքը` Ռեֆորմիստների կուսակցություն, Ժառանգություն կուսակցություն, «Լույս» կուսակցությունների դաշինք, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն, Երկիր Ծիրանի կուսակցություն, Ժողովրդական Ուղի կուսակցություն, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, Օրինաց Երկիր կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք:

Ըստ թեմայի

Առանց արմատական շրջադարձների. ինչո՞ւ Մոսկվան խաղադրույք չի անի Քոչարյանի վրա
Կենացների դիվանագիտություն. ինչո՞ւ է Վրաստանի վարչապետ Բախտաձեն Բաքվից հետո Երևան ժամանում
Հայտնի են Երևանի քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերի անունները
թեգերը:
Հայկ Մարության, Հայաստան

Գլխավոր թեմաներ