ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունն առայժմ չի որոշել` կմասնակցի արտահերթ ընտրություններին, թե ոչ։ Այսօր ԱԺ-ում լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կուսակցության անդամների մի մասը կարծում է, որ ամեն դեպքում պետք է մասնակցել ընտրություններին։ Ես կիսում եմ այդ կարծիքը։ Մյուսները կարծում են, որ պետք է բաց թողնել ընտրական այդ փուլը և պատրաստվել մյուսին։ Մենք գնահատում ենք իրավիճակը։ Մեր կուսակցության նախագահը` Սերժ Սարգսյանը, քաջալերում է մտքերի փոխանակությունն ու առողջ ինտելեկտուալ բանավեճերը», — ասաց Աշոտյանը։
Նա հերքեց լուրերն այն մասին, թե կուսակցությունը լքելու հերթական ալիքն է բարձրացել։
«Վերջին շաբաթներին խմբակցությունը լքել է միայն մեկ մարդ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, դա եղել է Տաճատ Վարդապետյանը։ Ցանկացողները միշտ կարող են գնալ։ Բայց կլինեն նրանք, ովքեր կմնան և կփորձեն կրկին նվաճել մարդկանց վստահությունը։ Մենք այն սակավաթիվ կուսակցություններից ենք, որը գաղափարական հիմք ունի, որքան էլ վերջին տարիներին ուշադրությունը շեղվեր դրանից», — ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել իր հրաժարականի մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստում։ Նա ասել է, որ երեկոյան հանդես կգա հայտարարությամբ։
Ավելի վաղ նա հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին, որոնց համար էլ պետք է վարչապետի հրաժարականը։