ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ–ն պետք է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Հանրապետականն ունի մարդկային և մասնագիտական լուրջ պոտենցիալ, և այդ պոտենցիալը պետք է օգտագործենք մեր հետագա զարգացումներում»,– ասաց Բաբլոյանը։
ԱԺ խոսնակը հայտնեց, որ անձամբ մասնակցում է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցությունում տեղի ունեցող քննարկումներին, բայց չցանկացավ բացել փակագծերը։
Անդրադառնալով ՀՀԿ–ի` ընդդիմություն լինելու հարցին, Բաբլոյանը չհամաձայնեց այն ձևակերպմանը, թե ՀՀԿ–ն ընդդիմադիր քաղաքական ուժ է։
«Որևէ կուսակցություն կդառնա ընդդիմություն, երբ կլինի փոքրամասնություն։ Երբ կավարտվեն ընտրությունները, այդ ժամանակ էլ կորոշվի` ով կլինի ընդդիմություն, ով` իշխանություն»,– ասաց Բաբլոյանը։
Հիշեցնենք` ՀՀԿ–ն դեռ պաշտոնապես չի հայտնել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշումը։ Այն նախատեսվում է հայտնել նոյեմբերի 11-ին նախանշված ՀՀԿ համաժողովից հետո։
Մինչ այդ, սակայն, ՀՀԿ–ական տարբեր գործիչներ արդեն իսկ հայտարարում են, որ ճիշտ են համարում ընտրություններին մասնակցելը։
ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։