22:38 14 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Նիկոլ Փաշինյանը՝ Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ. 12 հուլիսի 2018 թ.

Հիմարները չեն գրել. ինչու է Փաշինյանը հանուն սփյուռքի որոշել փոխել սահմանադրությունը

© Photo: official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
19201

Դեռ վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետական կառավարման խորհրդարանական համակարգում փոփոխության անհրաժեշտության մասին։ Շաբաթվա ընթացքում հայտնվել են նոր նոտաներ. հիմա Փաշինյանը խոսում է նախագահական մոդելին վերադառնալու հնարավորության մասին, իհարկե, ժողովրդի համաձայնությամբ։

Նոյեմբերի 24–ին Երևանում իր քայլերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ենթադրվող սահմանադրական փոփոխությունների մասին, նշել է, որ ներկա պահին անհրաժեշտություն չի տեսնում կառավարման խորհրդարանական մոդելը փոխելու մեջ։

«Մենք արդեն ասել ենք, որ անհրաժեշտ է ձևավորել իրական խորհրդարանական համակարգ։ Լիազորությունների հավասարակշռում պետք է լինի խորհրդարանի ու վարչապետի միջև, սակայն պետք է անել այնպես, որ իշխանության կառուցվածը դրանից չտուժի», – այդ ժամանակ ասել էր Փաշինյանը։

Ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ «ներկա պահին», երբ հիմքեր չկան խորհրդարանական մոդելը վերանայելու համար, բառի բուն իմաստով պահը կդառնա։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ խոսքը շատ թե քիչ երկարատև քաղաքական շրջանի մասին  է, որի ընթացքում կարող են տեղի ունենալ իրողությունները փոխելու համար նշանակալի իրադարձություններ։

Բայց անցած կիրակի Սիսիանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ այլ խոսքեր են հնչել։

Եթե տեսնենք, որ պետք է խորհրդարանական համակարգը փոխենք, հանրության մեծ շրջանում համոզմունք կա նորից վերադառնալու նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք, ժողովուրդ ջան։ Եթե դուք դա ուզեք, մենք դա կանենք»,– ասել է Փաշինյանը` դիմելով հավաքվածներին։

Ահա այստեղ հետաքրքիր է դառնում, թե ինչպես են դատելու այդ համաձայնության մասին։

Կարելի է հանրաքվե անցկացնել, բայց, չգիտես ինչու, թվում է, որ այդքան շատ ընտրողներ չեն մասնակցի, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությանը բացարձակապես չի հետաքրքրում կառավարման ձևը։ Մարդկանց համար ավելի կարևոր են սեփական շահերը, իսկ թե պետական կառավարման որ մոդելի դեպքում են այդ շահերը հաշվի առնվելու կամ տուժելու, ամենագլխավոր հարցը չէ։

Կարելի է ամեն ինչ լուծել հրապարակում։ Ի դեպ, այդպես ավելի ճիշտ կլինի. մի քանի հարյուր մարդ կարտահայտվի նախագահի ինստիտուտը վերադարձնելու օգտին, և «ժողովրդի համաձայնությունը» ապահովված է։ Նախադեպեր արդեն եղել են։

Բայց էությունը դա չէ։ Ինչո՞ւ կառավարման խորհրդարանական ձևը փոխելու անհրաժեշտության բացակայության մասին հայտարարությունից հետո հանկարծ սկսել են խոսել նախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին։ Ինչ–որ բա՞ն է փոխվել, իսկ մենք տեղյակ չենք։ Փաշինյանը մտավախությու՞ն ունի, որ նորընտիր խորհրդարանը չի կարող քվեարկել սկզբունքային օրինագծերի օգտին։

Խորհրդարանը դեռ ընտրված չէ, բայց նրա մասին կարելի է անսխալ դատել, և չի երևում, որ նման խորհրդարանը կքվեարկեր թեկուզ ինչ–որ բանի դեմ, ինչն առաջադրել է իշխող քաղաքական ուժը։ Այդ պայմաններում վարչապետի պաշտոնը քիչ բանով է տարբերվում նախագահականից, ուստի հրապարակ նետված գաղափարը նախկին կառավարման մոդելին վերադառնալու մասին անհիմն է թվում։ Թեև կապրենք, կտեսնենք։

Բացի այդ, Փաշինյանը կարծում է, որ սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք անհրաժեշտ է փոխել։

«Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր և նախարար կարող են լինեն այն մարդիկ, որոնք վերջին չորս տարում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է  դնում սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու համար: Մենք պետք է մտածենք, որ նույնիսկ պատգամավորի դեպքում կարելի է մտածել՝ արժի՞ փոխել, թե՝ չփոխել»,- նշել է Փաշինյանը։

Հնարավոր է։ Բայց գործող սահմանադրությունը հիմարները չեն գրել, և նման սահմանափակումն իմաստ ունի` շատ պարզ և մակերևութային։ 4 տարվա սահմանափակումը նրա համար է, որ պետական պաշտոնի թեկնածուն խորամուխ լինի Հայաստանի իրողություններին, ապրի կոնկրետ երկրի կյանքով, սփյուռքի նկատմամբ հարգանքով հանդերձ` իր բոլոր դրսևորումներով։

Բացի այդ, գաղտնիք չէ, որ նորմալ պետական կառուցվածք ունեցող երկրներում (որոնց թիվը մենք մեզ դասում ենք) պարտադիր չէ, որ նախարարը խոշոր մասնագետ լինի տվյալ ոլորտում։ Ըստ էության, այդ պաշտոնը վարչական է, կառավարչական, և փոխնախարարների ինստիտուտը նրա համար են հորինել, որպեսզի ամբողջ նեղ մասնագիտական աշխատանքը հենց նրանք անեն։

Սփյուռքի պրոֆեսիոնալների նկատմամբ հարգանքով հանդերձ, դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ–ում կամ Ֆրանսիայում ապրող մարդը կարող է արդյունավետ աշխատել հայկական պայմաններում։ Ի դեպ, բավական յուրահատուկ։

Ըստ թեմայի

Ապրել մինչև ապրիլ. ինչո՞ւ ընտրություններից հետո ներդրումային բում չի լինի
Կա՛մ Շահնազարյանը պարզաբանում պիտի տա, կա՛մ նա ստում է. Փաշինյան
Նախընտրական սպրինտ. Փաշինյանին հեղափոխության շարունակությո՞ւնն է սպառնալիք, թե՞ ռևանշը
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ