ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները յուրահատուկ ու տարբերվող էին Շիրակում. առաջին անգամ էր, որ դրանց ընթացքում չեղան արտառոց միջադեպեր կամ բողոքներ:
Նույնիսկ անցած ընտրություններին մասնակից հանձնաժողովականներն են վկայում, որ այս անգամ ուրիշ էր ՝ հերթով, շարքով ու կարգով: Ճիշտ է, ամենապասիվը Գյումրին էր, բայց առաջին անգամ ընտրողը տեղամաս եկել էր քաղաքացիական գիտակցումով և ոչ թե այլ «մոտիվացիայով»: Բացառությամբ մեկ-երկու տեղամասերի, որտեղ կային առաջադրված «թաղային հեղինակություններ», մյուս տեղերում ուղղորդումներ չկային:
70 ամյա Արտուշ պապը Sputnik Արմենիային անկեղծացավ. «Այսքան տարվա մեջ առաջին անգամ եմ, աղջիկ ջան, ընտրությունների գնացել միայն մեկ բանի համար՝ որ իմ ձայնին տեր կանգնեմ»:
Ռեյտինգային ցուցակների նախնական արդյունքներն էլ հիմնականում կանխատեսելի էին՝ Շիրակի մարզում ամենաշատ քվեներ ստացած ռեյտինգային թեկնածուն, ինչպես Գյումրում են նրան կատակով կոչում, «գեներալ-գուբերնատոր» Ֆելիքս Ցոլակյանն է, որն առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից:
2017 թվականի համեմատ նա գրեթե կրկնակի շատ քվե էր ստացել: Ի դեպ, իր 24.172 քվեներով Շիրակի նախկին մարզպետ, ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանրապետությունում երրորդն է: Նրան հաջորդում են Շիրակի մարզպետն ու փոխմարզպետը՝ Կարեն Սարուխանյանը և Սոֆյա Հովսեփյանը, իրենց, համապատասխանաբար, 6271 և 5981 քվեներով:
ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանը ևս այս անգամ բավական ձայներ էին հավաքել, ճիշտ է ոչ այնքան, որքան 2017 թվականի Աժ ընտրություններում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ամենաշատ քվեները ստացել էր Սոցապ ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ Սարիկ Մինասյանը: