10:42 18 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.81
  • GBP625.67
  • EUR553.43
  • RUB7.30
ԵԼՔ խմբակցության պատգամավորները. 30 ապրիլի 2018 թ.

Մենք քիչ ենք, բայց մեզ ընդդիմություն են ասում. ԼՀԿ-ն կհսկի Փաշինյանի ամեն մի քայլը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
394 0 0

Թեև իշխող կուսակցության ու ընդդիմության քանակական տարբերությունը մեծ է, այդուհանդերձ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում արդյունավետ գործելու բավարար լծակներ ունի։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի քաղաքական համակարգի առողջացումն անհնար է առանց առողջ ընդդիմության, ու այդ դերին հավակնում է «Լուսավոր Հայաստանը», որը նորընտիր խորհրդարանում 18 մանդատ է ստացել։

Կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը կարծում է, որ ընդդիմության հիմնական գործառույթն առաջին հերթին իշխանությանը հսկելն է, այլընտրանքային մոտեցումներ ու տեսակետներ առաջարկելը։ Նախկինում ընդդիմությունը քննադատության շեշտը դնում էր իշխանության լեգիտիմության բացակայության վրա։

«Ընդդիմության հռետորաբանությունն ու գործողությունները ենթարկվում էին այդ տրամաբանությանը։ Հիմա իրավիճակն այլ է. նոր իշխանությունը մեծ լեգիտիմություն է վայելում, համապատասխանաբար ընդդիմության գործառույթն էլ է փոխվում։ Դրանք ավելի բովանդակալից բնույթ են կրում։ Այլ կերպ ասած, հիմա գաղափարների, ծրագրերի ու մոտեցումների պայքար է ընթանալու հարկային, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում», – ասաց Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստանը» նախորդ, վեցերորդ գումարման խորհրդարան էր մտել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի կազմում։ Հարցին` արդյո՞ք այդ հանգամանքը չի կաշկանդում «լուսավորներին», Սիմոնյանն ասաց, որ նրանց միջև ոչ թե անձնային, այլ գաղափարական ու ծրագրային հակասություն է եղել։

«Մեր մոտեցումները տարբեր են, բայց անձնային մակարդակում մեր մեջ կոնֆլիկտ չկա։ Այդ իրավիճակում միջանձնային հարաբերությունները երկրորդ պլան են մղվում», – ասաց նա։

Սիմոնյանը վստահ է նաև, որ թեև իշխող կուսակցության ու ընդդիմության քանակական տարբերությունը մեծ է, «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում արդյունավետ գործելու համար բավարար լծակներ ունի։ Կուսակցության պատգամավորները խոստանում են լինել հետևողական, քաղաքացիների առաջ հաշվետու և հասանելի։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի» միջև հիմա խիստ պայքար է մղվում հիմնական ընդդիմադիր ուժի կարգավիճակի համար։ Իսկական կռվախնձոր դարձավ երրորդ փոխխոսնակի պաշտոնը։ Սահմանադրության համաձայն` նա պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի։ Հաշվի առնելով` որ «բարգավաճներն» ավելի շատ պատգամավորական աթոռ ունեն, շատ ավելի հավանական է, որ այդ պաշտոնը հենց իրենց կհասնի, սակայն «լուսավորները» մտադիր չեն հանձնվել։ Նրանց առաջնորդը` Էդմոն Մարուքյանը, արդեն քննադատել է «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա հակված է երրորդ փոխխոսնակի պաշտոնում տեսնել «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչին` հաշվի առնելով նրանց քանակական գերակշռությունը։

Այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստանում» փոխխոսնակի պաշտոնի համար արդեն պաշտոնապես առաջադրել են Մանե Թանդիլայնի թեկնածությունը։

Այստեղ կարծում են, որ պատգամավորներն իրենք կորոշեն` ո՞վ կզբաղեցնի խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալի պաշտոնը, հաշվի առնելով, որ փոխխոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ։

Հիշեցնենք` Մանե Թանդիլյանը ժամանակին զբաղեցրել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կոալիցիոն կառավարության կազմում։

2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ ընտրությունները։ 2019 թվականի հունվարի 4–ին ՀՀ ԿԸՀ–ն հայտարարեց նոր գումարման ԱԺ պատգամավորների ցանկը։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենախոշոր խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա։ Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Կուսակցությունը 26 պատգամավորական աթոռ է ստացել։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ-ում 18 պատգամավոր կունենա։

Այժմ հայտնի է, որ ԱԺ խոսնակ է լինելու Արարատ Միրզոյանը, որը հիմա առաջին փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Նրա երկու տեղակալները կլինեն մեծամասնության ներկայացուցիչներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը։

Ըստ թեմայի

Բաբլոյանը հուզված է. նա հրաժեշտ է տալիս պաշտոնին ու վերադառնում մասնագիտական աշխատանքին
Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է դառնալ գործազուրկ
Հայաստանում վերնախավի փոփոխությունն ավարտվել է, հետո կլինի ամենահետաքրքիրը. Իսկանդարյան
«Քաղաքական տարին հեշտ չի լինելու». Sputnik–ի հյուրը Կարեն Քոչարյանն է
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան

Գլխավոր թեմաներ