16:53 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Լևան Իզորիան. Վրաստանի պաշտպանության նախարար

«Մաքոքային դիվանագիտությու՞ն». ինչո՞ւ Թբիլիսին պաշտպանության նախարարին ուղարկեց Երևան

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
319 0 0

Թբիլիսիում համոզված են, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի այցը Հայաստան պատահական չէր, առավել ևս, որ Վրաստանի ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ են սպասվում։ Ոմանք արդեն հասցրել են նրան Վրաստանի իշխանությունների կողմից Հայաստան ուղարկված «դեսպան» անվանել։

Լաուրա Սարգսյան, Sputnik  Արմենիա

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի առաջին պաշտոնական այցը Հայաստան Թբիլիսիում հատուկ անվանեցին։ Փորձագետները համոզված են, որ նրան Երևան ուղարկել էին ոչ թե Երևանի և Թբիլիսիի միջև պաշտպանական ոլորտում մակերեսային համագործակցությունը խորացնելու, այլ կոնկրետ մեսիջ հաղորդելու համար։

Քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան համոզված է, որ այսօրվա հանդիպումը երկու երկրների իշխանությունների կուլուարային երկխոսության շարունակությունն է։

«Այդ շղթան սկսվել է դեռևս Բախտաձեի և Փաշինյանի ոչ ֆորմալ հանդիպումից, այնուհետ մեզ մոտ է եկել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և այսօր ձեզ մոտ այցով գտնվում է Վրաստանի պաշտպանության նախարարը», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մաիսայան։

Նա բոլոր այդ հանդիպումները պատահական չի համարում։ Մաիսայան համոզված է, որ Վրաստանն օգտագործում է այսպես կոչված «մաքոքային դիվանագիտություն» և պաշտպանության նախարարի միջոցով Վրաստանի իշխանությունները ուզում էին մեսիջ հասցնել ՀՀ կառավարությանը։ Նա չբացառեց, որ Իզորիան յուրահատուկ  «դեսպանորդ» է դարձել Թբիլիսիի և Երևանի միջև՝ լուծելու համար մի շարք հարցեր, որոնք կարող էին առաջանալ երկրների միջև։ Մաիսայան օրինակ է բերում պաշտպանական գերատեսչությունների միջև 2019 թվականի համար ստորագրած համագործակցության ծրագիրը։ Այն այդքան էլ չէր տարբերվում  նախորդ համաձայնագրից, որը ստորագրվել էր Իզորիայի և ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջև։

Ծրագրում ընդհանուր ուղղություններ են նշված. համագործակցություն բժշկական կադրերի, սերժանտական կազմի պատրաստման, ռազմական կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ  ոլորտներում։

«Վրաստանն ու Հայաստանը, անկախ բարիդրացիական հարաբերություններից, պաշտպանական քաղաքականության և ազգային անվտանգության հարցում տարբեր մոտեցումներ ունեն։ Վրաստանն ուզում է ՆԱՏՕ–ի անդամ դառնալ, մենք արևմտամետ ուղղվածություն ունենք։ Հայաստանը բացարձակապես հակառակ ուղղվածություն ունի», – ասաց Մաիսայան։

Հենց այդ պատճառով է, որ երկու երկրների միջև ռազմական ոլորտում այդքան ակտիվ համագործակցություն չկա։ Այդ պատճառով էլ Իզորիան, ամենայն հավանականությամբ, կոնկրետ առաջարկներ է բերել, որոնք քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև փակ դռների հետևում, համոզված է Մաիսայան։

Եթե հավատալ վրացական ԶԼՄ–ներում տարածվող տեղեկություններին, Վրաստանում գարնանն իշխանափոխություն է սպասվում։ Կանխատեսվում է, որ վարչապետի պաշտոնը կստանձնի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան։  Նշվում է, որ կփոխվի նաև Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Լևան Իզորիան։

Այստեղ անհնար է չհիշել 2016 թվականի փետրվարը` Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելիի այցը Երևան, որը եղավ նրա առաջին ու վերջին պաշտոնական այցը Հայաստան։ Նույն թվականի օգոստոսին նրան փոխարինեց Իզորիան։

Միևնույն ժամանակ Երևանում դրական են համարում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ելույթներն ու հնչեցրած մեսիջները։

«Այդ այցը ցույց տվեց, որ Թբիլիսիի և Երևանի միջև ստեղծված փոխըմբռնումն ու օրակարգը, վեր են անձերից և ով էլ զբաղեցնի պաշտոնը, ՊՆ ղեկավարները հարաբերությունները կառուցելու են ելնելով և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի ազգային շահերից», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը։

Նա Իզորիայի այցը կարևոր քայլ է համարում երկկողմ հարաբերությունների խորացման գործում, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում։ Սրանով կողմերն ուզում էին ցույց տալ, որ հայ–վրացական համագործակցությունը վեր է տարածաշրջանային խնդիրներից և նրանց չեն կարող խանգարել երրորդ կողմերը։

Ընդգծվել էր, որ կողմերը համակարծիք են կապված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցում։

Մելիքյանը նաև չբացառեց, որ անկախ արտաքին սահմանափակումներից կողմերը կարող են աշխուժացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում. օրինակ կառուցվածքային նախագծերի պաշտպանության գծով հայ–վրացական զորավարժությունների անցկացման, ենթակառուցվածքային նախագծերի պաշտպանության գծով հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման և այլն։

Հիշեցնենք, որ մինչև 2017 թվականի հայ զինծառայողները Վրաստանում մասնակցում էին Agile Spirit բազմազգ զորավարժություններին։ Վերջին անգամ հայկական ԶՈւ–ն 2018 թվականի ամռանն էր մասնակցել Noble Partner  բազմազգ զորավարժություններին։ Պարբերաբար հայկական ԶՈւ–ն զարգացնում է պրոֆեսիոնալ հմտությունները լեռներում` գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության Սաչխերիի դպրոցի ձմեռային հիմնական կուրսի շրջանակում։

Ըստ թեմայի

Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցում հայհոյող և մեր դրոշն այրող ադրբեջանցիներին
Վրացի պատգամավորի ինտիմ տեսանյութը տարածողը Հայաստանի բանտու՞մ է. նախարարության պատասխանը
Վրացի պատգամավորը Հովհաննես Թումանյանի արձանը նվիրել է գրողի թբիլիսյան տանը. լուսանկարներ
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ