19:43 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Ազգային ժողով

«Առանց Արցախի ձայնի չի կարելի». խորհրդարանական ուժերը` Մինսկի խմբի հայտարարության մասին

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (238)
14420

Հայաստանի խորհրդարանական ուժերն իրենց դիրքորոշումն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանի ԱԺ–ի բոլոր ուժերն այսօր` մարտի 11-ին, ճեպազրույցի ընթացքում, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, նշեցին, որ առանց Ստեփանակերտի կարծիքի չի կարելի հասնել ղարաբաղյան հակամարտության լուծման։

Նիկոլ Փաշինյանի դաշինքի կարծիքը

«Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որն արտահայտում է հենց ՄԽ կարծիքը։

«Ընթանում է բանակցային գործընթաց, կարող են հնչել տարբեր առաջարկներ, մոտեցումներ», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` Հայաստանի վարչապետի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն որոշումներ, որոնք ընդունելի են թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի, թե՛ Բաքվի համար։

Վարդանյանի կարծիքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարզապես փորձել են ամփոփել դեռևս «թավշյա հեղափոխությունից» առաջ ձևավորված օրակարգը և քննարկել հիմնական այն հարցերը, որոնք բարձրացված են եղել այս ժամանակահատվածում։

«Բանակցային գործընթացը շարունակվում է, դրա համար ընտրվել է Մինսկի խմբի ձևաչափը։ Նրանք արտահայտում են հարցի նկատմամբ իրենց մոտեցումները։ Դրական է այն, որ ևս մեկ անգամ կոչ է արվում հարցը լուծել խաղաղ ճանապարհով` բացառապես ՄԱԿ–ի սկզբունքների շրջանակում», – ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ կարգի հայտարարություններ արվել են նախկինում, և պետք չէ հայտարարության կոնտեքստից կտրել, առանձնացնել և ներկայացնել հեղափոխական բնույթի հայտարարություն:

Վարդանյանի խոսքով` հայտարարությունը չի խոչընդոտում Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի իրագործումը։

Հարցին, թե հայտարարությունում որևէ մտահոգիչ կետ չի տեսնում, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ե՛վ այո, և´ ոչ։ Մտահոգիչ է, որովհետև, կարծես թե, լրացուցիչ լարվածություն է ստեղծել, համենայն դեպս ներքաղաքական, և մտահոգիչ չէ ու շատ դրական է, որ Մինսկի խումբը խոսում է, և գիտենք, որ համանախագահության շրջանակում աշխատանքները շարունակվում են»:

Նա հիշեցրեց` Մինսկի խումբը միջնորդական կառույց է, որն առաջարկում է հակամարտության լուծման` բոլոր երեք կողմերի համար ընդունելի ձևաչափ։

Վարդանյանն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի ձայնը պետք է հնչի բանակցություններում։

«Հակառակ դեպքում մենք չենք տարբերվի գաղութային երկրներից, որոնք փորձում են լուծել երրորդ կողմի կարգավիճակը երկկողմ բանակցությունների շրջանակում», – նշեց Վարդանյանը։

Նա չբացառեց, որ Երևանը և Ստեփանակերտը որոշ հարցերում կունենան տարբեր մոտեցումներ։

«Լուսավոր Հայաստանը» պնդում է, որը պետք է նշել 1991թ–ի հանրաքվեի մասին

«Լուսավոր Հայաստան» դաշինքի ղեկավար Էդմոն Մարուքյանը մտահոգիչ համարեց Մինսկի խմբի հայտարարությունը, բայց նշեց, որ նմանատիպ հայտարարություններ նախկինում էլ են հնչել, և դա վերջինը չի լինի։

«Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանությունների բոլոր այն ջանքերը, որոնցով փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցիչներին նույնպես ներգրավել և վերադարձնել բանակցային սեղանի մոտ», – ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով»։

«Սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի հանրապետության քաղաքացիները 91 թ-ին դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, և հիմա կրկին խնդրել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել այն հանրաքվեն», - ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ողջունել է այդ հայտարարությունը միայն այն պատճառով, որ դրանում խոսվում է գործող ձևաչափը պահպանելու մասին։

Մարուքյանին անհանգստացնում է նաև ԼՂՀ շուրջ տարածքների մասին կետը։

«Բարգավաճ Հայաստանն» ընդհանուր առմամբ մտահոգված է

Խորհրդարանում թվով երկրորդ խմբակցությանը` «Բարգավաճ Հայաստանին», նույնպես մտահոգել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը։

«Երկու կարծիք լինել չի կարող․ ԼՂ հարցի վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է։ Հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես այն մասով, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում», – ասաց կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով` միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Նա նշեց, որ, իհարկե, Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, բայց ևս մեկ անգամ ՄԽ հայտարարությանն անդրադառնալու կարիք կա։

Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը, ուժի դիրքերից հանդես գալու փորձերը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում նշված զիջումներն անընդունելի են ԲՀԿ–ի համար։

Նրա խոսքով` հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (238)

Ըստ թեմայի

Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը
«Լրացուցիչ ժամանակ կպահանջվի». Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով. Յոհաննես Հանը` Ղարաբաղյան բանակցությունների մասին
Հայաստանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման կողմնակից է. Միրզոյանը` Դաշնային Խորհրդում
թեգերը:
ԱԺ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ