ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի` մարտի 29-ին կայացած հանդիպումն անցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։
Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։ Հետո հանդիպումը կրկին շարունակվել էր արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Հանդիպման նախաձեռնողները հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին: