05:30 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
Թուրքիա

Պարտություն Թուրքիայի խոշոր քաղաքներում. Էրդողանը լուրջ հարված է ստացե՞լ

© Sputnik / Алтан Гочер
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազդեցության աստիճանը երկրում դեռ բարձր է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հազիվ թե փոխեն հայ համայնքի կյանքը, ենթադրում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր ուժերի հաղթանակը զգալի վնաս է հասցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությանը։ Դրանում համոզված են Թուրքիայի և Հայաստանի փորձագետները։

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները անցկացվեցին անցած կիրակի։ Դրանց մասնակցել են 13 քաղաքական կուսակցություններ։ Թեև հրապարակվել են առայժմ նախնական տվյալներ, արդեն ակնհայտ է, որ Անկարայում և Իզմիրում Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել ընդդիմությունից։

Այսպես, Թուրքիայի ձախակողմյան Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մանսուր Յավաշը հաղթանակ է դարձել Անկարայի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով ձայների 50,9 տոկոսը։ Իզմիրում նույնպես հաղթել է ԺՀԿ թեկնածու Տունչ Սոյերը, նրա համար քվեարկել է ընտրողների ձայների 58,02 տոկոսը։

Ինչ վերաբերում է Ստամբուլին, ապա այստեղ առաջատար է ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, որը հավաքել է 4 միլիոն 159 հազար 650 ձայն։ Նրանից մի քիչ հետ է մնում իշխող ԱԶԿ թեկնածու, Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ և նախագահի մերձավոր դաշնակից Բինալի Յիլդիրիմը։ Նրա օգտին քվեարկել է 4 միլիոն 131 հազար 761 մարդ։

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ՏԻՄ ընտրություններում հաղթանակած ընդդիմության ներկայացուցիչների ազդեցության լծակներն այդքան շատ չեն, մեկ այլ հարց է, որ քվեարկության արդյունքները մեծ նշանակություն ունեն Էրդողանի կուսակցության համար։

«Այդ ընտրություններն ապագայում ճակատագրական նշանակություն ունեն Էրդողանի և նրա կուսակցության համար։ Թուրքիայում և  աշխարհի շատ երկրներում վարժվել են, որ բոլոր ընտրություններում հաղթում են իշխող կուսակցության թեկնածուները, սակայն այս անգամ նման բան տեղի չունեցավ», – ասաց Էստուկյանը։

Նա նշեց, որ առայժմ կանխատեսումներ անելը դժվար է, բայց այն, որ մեխանիզմը գործարկված է, և Էրդողանի իշխանությանը վնաս է հասցվել, դա կասկած չի առաջացնում։

Իր հերթին Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Թուրքիայի նախագահի քաղաքական հեղինակությունը տուժել է։

«Բոլորն ակնկալում են, որ Ստամբուլում կհաղթի Էրդողանի կուսակցության ներկայացուցիչը` Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդանի նախկին խոսնակ Բինալի Յիլդիրիմը։ Պատկերը սկսել է կտրուկ փոխվել ընտրություններից մեկ շաբաթ առաջ։ Դա մեծ վնաս է Էրդողանի, նրա իշխանության և իշխող կուսակցության հեղինակությանը», – ասաց Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նրա խոսքով` Անկարայում և Իզմիրում ընդդիմադիր կուսակցության հաղթանակը հարված է դարձել Էրդողանի համար։ Բայց, դատելով Թուրքիայում ընտրությունների ընդհանուր արդյունքներից, որոնց ընթացքում, նախնական արդյունքներով, հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը, կարելի է պնդել, որ, չնայած երեք քաղաքներում հաղթանակին, երկրում Էրդողանի ազդեցության աստիճանը դեռ բարձր է։ Թեև պետք չէ թուլանալ, չէ որ արդեն այս տարվա նոյեմբերին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։

Սաֆրաստյանը դժվարացավ ասել, թե ինչպես է քվեարկել ՏԻՄ ընտրություններում հայ համայնքը, թեև ենթադրություններ են եղել, այն կաջակցի իշխող կուսակցությանը։

Միաժամանակ, նա համակարծիք է Էստուկյանի հետ, որ այդ ընտրությունները դժվար չէ ինչ–որ բան փոխեն հայ համայնքի կյանքում։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում ամենից շատ հայեր ապրում են հենց Ստամբուլում։ Այստեղ գործում են 16 հայկական դպրոցներ, որտեղ սովորողների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար մարդ։

20–րդ դարի 50–ական թթ–ին մեկուկես միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում ապրել է 150 հազար հայ։ Այսօր բազմամիլիոնանոց Ստամբուլում մնացել է 50 հազար հայ։

Ըստ թեմայի

Թուրքիայի փոխարեն Հայաստանո՞վ. բուլղարական բիզնեսը Իրան տանող «վարդի» ճանապարհ է ընտրում
ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում և հայերը. ինչպիսի՞ ստորջրյա խութերի կհանդիպի Էրդողանը
Հատուկջոկատային հովիվները կամ ամենակարճ ռուս–թուրքական պատերազմը Հայաստանում
«Շնորհակալություն, մենք խորհրդի կարիք չունենք». Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Մամեդյարովին
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ