ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կանխատեսմամբ` մոտ ապագայում ականատես կլինենք հեղափոխական տեռորի նոր ալիքի։
Այս եզրահանգմանը նա եկել է վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները և այդ մասին գրել Facebook-ի իր էջում։
Այդ ամենը տեղի կունենա, որովհետև`
- Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:
- Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:
- Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:
- Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:
- Իշխանությունները չեն կարողանում պատշաճ «գուրգուրել» Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:
- Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սևեռվել նաև խորհրդարանական ընդդիմության վրա:
- Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:
«Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլև միայն արագացնելու են այդ գործընթացը:
Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»,–գրում է Աշոտյանը:
Նշենք, որ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն այսօր բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։
Վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։