ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն այսօր հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի ասածին, թե հանձնաժողովի որոշ անդամներ ունեն անձնական շահագրգռություն և հանդիպումներ են ունեցել ցեմենտ արտադրողների հետ:
«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ երեկ իմ աշխատասենյակում հանդիպում ենք ունեցել ցեմենտ արտադրող 3 գործարաններից 2-ի սեփականատերերի և տնօրենների հետ ու լսել նրանց մտահոգությունները»,- ասաց Սարգսյանը` այդ հանդիպումը մեկնաբանելով օրենսդրական նախաձեռնությունից առաջ ոլորտի խնդիրներին ծանոթանալու կարևորությամբ:
Պատգամավորը հայտնեց նաև, որ երկու անգամ զանգահարել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ և «Արարտցեմենտ» գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանին, բայց նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, ուստի նրան հանդիպելու առաջարկն արվեց նաև ԱԺ ամբիոնից:
«Այստեղ որևէ անձնական շահագրգռություն չկա: Միակ ցանկությունն այն է, որ մենք հասկանանք, թե ինչ խնդիրներ ունեն մեր ցեմենտ արտադրողները»,- ասաց պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն թույլ չի տալու, որ հայ արտադրողներին դնեն մի կողմ ու հարստացնեն իրանցիներին:
«Մենք այսօր մտածում ենք այլ երկրներից բիզնեսները Հայաստան բերելու մասին: Բայց տեսնում ենք ի՞նչ: Տարիներով ստեղծված բիզնեսները քանդվում են: Մարդիկ ասում են` մենք մեր աշխատատեղերը կորցնում ենք, ոչ մեկին դա հետաքրքիր չէ»,- ասաց նա:
Դալլաքյանը նշեց նաև, որ եթե Հայաստանը մտադիր է Իրանից ցեմենտ կամ ցեմենտի հումք` կլինկեր, ներմուծել, դա նշանակում է` ստեղծածը վերացնել:
Հիշեցնենք` կառավարությունը տեղական արտադրողին մրցակցային լավ պայմաններ ապահովելու համար օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել` ավելացնելով Իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, բայց կլինկերի ներկրումը մնացել է ցածր մաքսատուրքով:
Այս մասին երեկ հայտարարվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:
«Արարտցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամներին մեղադրել էր այդ որոշումը անձնական շահագրգռությունից դրդված կայացնելու մեջ` նշելով, որ Իրանից էժան հումքի ներկրման դեպքում տեղական արտադրողները կսկսեն աշխատել այդ հումքով, ինչը զգալի կկրճատի ցեմենտի գործարաններում աշխատատեղերը:
Հիշեցնենք` ուրբաթ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն ավելի քան 1000 աշխատակցի հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ աշխատակիցները հրաժարվել էին վերցնել ծանուցագրերը և բողոքի ակցիա էին կազմակերպել` փակելով գործարան տանող ճանապարհը: