ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևին միանալու համար ՀՀԿ են դիմել տասնյակ երիտասարդներ։
Կուսակցության գրասենյակում այսօր՝ ապրիլի 22-ին, նրանց ողջունել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիմելով երիտասարդներին՝ ՀՀ երրորդ նախագահը ասել է, որ ասելիք շատ ունի, սակայն հիմա միայն շնորհավորում է։
«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասել է Սերժ Սարգսյանը։Ելույթի ավարտին ներկաներից մի երիտասարդ աղջիկ, Սերժ Սարգսյանին դիմելով, հարց տալու փոխարեն խնդրեց վերադառնալ:
Ի պատասխան՝ ՀՀԿ նախագահը ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի.
«Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- շեշտեց Ս. Սարգսյանը։
Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակեց Սարգսյանը։
Հանդիպման ավարտին, երբ երիտասարդները նկարվում էին Սերժ Սարգսյանի հետ, տղաներից մեկը ՀՀ երրորդ նախագահին խնդրեց սելֆի անել` նշելով, թե սա նոր սերնդի լուսանկար է:
«Ես մի քիչ այս մոդայից հետ եմ ընկել»,- կատակել է Սերժ Սարգսյանը: