18:43 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն Արարատ Միրզոյանին հորդորում է 3 Ծառուկյաններին չխառնել իրար

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
765 0 0

Ծառուկյանը Միրզոյանին ուղղված բաց նամակում հույս է հայտնել, որ իր կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն «մտահոգների» կասկածները։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բաց նամակով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ղեկավարի ֆեյսբուքյան էջից:

«Իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար, անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին»,–գրել է Ծառուկյանը։

Մինչ այդ, Միրզոյանը գրություն էր ուղարկել Ծառուկյանին` գրելով, որ նրա հնչեցրած հայտարարություններն արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել նրա կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, ինչը պատգամավորի դեպքում արգելված է օրենքով։

Ի պատասխան Ծառուկյանն էլ հայտնում է, որ պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման։

«Բարձրացված խնդրին վերաբերելիության տեսանկյունից կարևորում եմ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և սեփականատեր Գագիկ Ծառուկյանին նույնացնելու անթույլատրելիությունը: Թվարկված կարգավիճակներից յուրաքանչյուրով իմ գործունեությունն իրավակարգավորումների տիրույթում է, համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն»,–իր բաց նամակում ասել է Ծառուկյանը։

Նրա խոսքով` բարձրացված խնդիրն արհեստածին է, նպատակ ունի առնվազն ստվեր գցել իր հեղինակության ու համբավի վրա: ԲԿՀ ղեկավարը գրել է նաև, որ տարիներ շարունակ ինքն իր անձնական կապերն ու հեղինակությունն օգտագործել է բացառապես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և երկրի հզորացման համար:

«Ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ եմ այս ծանր խաչը կրելու՝ իմ առջև ունենալով Բարգավաճ Հայաստան կերտելու տեսլականը: Հարգարժան պարոն Միրզոյան, հույս ունեմ, որ իմ կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները»,–գրել է Ծառուկյանը։

Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանը կառավարությունում է
Ապացուցեք, գործարանը կնվիրեմ. Ծառուկյանը բարկացավ, Սիմոնյանը նրան հազիվ հեռացրեց ամբիոնից
«Սաղ նախանձում, տրաքվում են». Ծառուկյանը խոստովանեց` քանի բիզնես ունի իրականում
թեգերը:
Արարատ Միրզոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ