ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputik. Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ոմանք եկել էին պաշտպանելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մյուսները՝ բողոքելու նրա հնարավոր ազատման դեմ: Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի մոտ եկավ նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողի այն հարցին, թե նա ինչու է եկել՝ ի պաշտպանություն, թե ընդդեմ, վերջինս պատասխանեց, որ նա միշտ հանուն է. «Հանուն ազատության, ես կանգնելու եմ այնտեղ, որտեղ ազատությունն է»: Նա հավելեց, որ
եղել է առաջին քաղաքական գործիչը Հայաստանում, որը Ռոբերտ Քոչարյանին անվանել է քաղաքական բանտարկյալ:
«Ես այստեղ ներկա եմ բացառապես որպես Էդուարդ Շարմազանով, և ես եկել եմ աջակցելու Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին, աջակցելու արդարությանը և ես որևէ մեկի դեմ չեմ, ի տարբերություն շատ մարդկանց ես իմ հայրենիքում ոչ հակառակորդներ, և ոչ թշնամիներ ունեմ»:
Հարցին, թե արդյոք իր ներկայությունը նաև Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է ներկայացնում, նա պատասխանեց, որ Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է:
Ավելի ուշ դատարանը հայտարարեց, որ Քոչարյանն ազատ է արձակվում։