17:15 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Անհապաղ պետք է դադարեցնել դատարանների մուտքն ու ելքն արգելափակելու կոչերը. Արման Թաթոյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
45530

ՀՀ-ում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ԵՐԵՎԱՆ, 20 Մայիս — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում է ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Այս մասին հայտարարություն է տարածել Թաթոյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

«Բոլոր այն անձանցից, որոնք զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության»,-իր հայտարարության մեջ նշել է Թաթոյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Թաթոյանը նշում է, որ մեր դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։

ՄԻ պաշտպանը կարծում է, որ այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։

«Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը: Ուստի, ՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար»,-ասում է ՄԻՊ-ը:

Նրա հավաստմամբ՝ սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա, ըստ Թաթոյանի, վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից:

Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից:

թեգերը:
Հայաստան, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ