11:05 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոուհանին ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի ժամանակ. 27 փոտրվարի 2019 թ.

Հայաստանը գլոբալ գործընթացների կենտրոնում է. Արզումանյանը՝ Իրանի և Վրաստանի վերաբերյալ

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
186 0 0

Քաղաքագետի կարծիքով` «հետխորհրդային տարածք» հասկացություն այլևս գոյություն չունի, մեր տարածաշրջանը դարձել է մեծ աշխարհի մի մաս՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Իրանի շուրջ ծավալված իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության աճը պաշտոնական Երևանի արդարացված տագնապն են հարուցել: Հայաստանը հիմա իսկապես նախանձելի վիճակում չէ: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, արևելքից և արևմուտքից արգելափակված հանրապետությանը միայն երկու ելք է մնում դեպի արտաքին աշխարհ` Իրանի և Վրաստանի տարածքով:

Սակայն այստեղ էլ է անհանգիստ: Ընդ որում՝ ցանկացած արտառոց ու չսպասված իրավիճակ կարող է կոմունիկացիոն և տնտեսական լուրջ տհաճությունների վերածվել փոքր պետության համար: Բացի այդ, հյուսիսից և հարավից լարվածության այս օջախները կարող են խթանել իրավիճակի սրացումը մեկ այլ թեժ կետում` Արցախում:

Հենց այս մտավախությունն էր նկատվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթում, որը ԱԽ-ի նիստ էր հրավիրել՝ առկա արտաքին գործընթացների հետ կապված: Նա մասնավորապես ասաց, որ անվտանգության ոլորտում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը  ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները ստիպում են, որ Երևանն ավելի զգոն լինի առաջացող մարտահրավերների առումով: Նա վստահություն հայտնեց, որ իշխանությունը կկարողանա անհրաժեշտ գործիք գտնել Հայաստանի համար հավելյալ ռիսկերից խուսափելու և արդեն իսկ գոյություն ունեցողները կառավարելու համար:

Խոսելով տարածաշրջանում ծավալվող գործընթացների վրա որևէ կերպ ազդելու Հայաստանի հնարավորությունների մասին, քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ազդեցության լծակներն իրականում այդքան էլ շատ չեն, սակայն իշխանությունը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր սցենարները:

«Ցավոք, մենք կարող ենք հետևել միայն իրավիճակին և պատրաստվել հավանական բացասական սցենարների: Նման տիպի սցենարները պետք է հաշվարկել, և դրա համար Անվտանգության խորհուրդ գոյություն ունի: Սակայն մի բան կարելի է հստակ ասել. Հայաստանի  և Ադրբեջանի միջև լոկալ հակամարտության շռայլություն արդեն չի լինի: Ցանկացած հակամարտություն այստեղ սպառնում է ներքաշել տարածաշրջանի բոլոր երկրները», – ասում է Արզումանյանը:

Ժամանակակից իրողությունները, փորձագետի կարծիքով, պահանջում են Հայաստանի իշխանության ռազմավարության և քաղաքականության վերանայում: Պետք է հասկանալ, որ «հետխորհրդային տարածք» հասկացություն այլևս չկա, մեր տարածաշրջանը մեծ աշխարհի մի մաս է դարձել՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

«Սա մեծ հնարավորություններ է ստեղծում, բայց և՝ մեծ վտանգներ: Իրանի շուրջ ծավալվող գործընթացները սպառնում են մեզ տնտեսական և աշխարհաքաղաքական բարդություններով, Վրաստանի շուրջ ծավալվողները` կոմունիկացիոն և տնտեսական դժվարություններով», – ասում է նա:

Արզումանյանը կարծում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է փոխի սպառնալիքների և արձագանքների գնահատման և վերլուծման մասշտաբները:

Նրա խոսքով` Հայաստանն անկասկած, պետք է փորձի որևէ կերպ օգնել Ռուսաստանին և Վրաստանին՝ հաղթահարել ներկայիս լարվածությունը: Մի կողմում Երևանի մերձակա հարևանն է, մյուս կողմից` նրա ռազմավարական դաշնակիցը: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Մոսկվայի և Թբիլիսիի կոնֆլիկտը շատ խորն է, այն մի քանի տասնամյակների պատմություն ունի: Ընդ որում` Արզումանյանը բացառում է, որ Հայաստանին ինչ-որ պահի կարող են ընտրության առաջ կանգնեցնել: Հայկական պետությունը բավականին ամուր է իր շահերը պաշտպանելու և տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարելու համար:

«Հայաստանի հետ խոսել է պետք: Նրան պետք է օգտագործել մյուս կողմին այնպիսի ուղերձներ փոխանցելու համար, որոնք անմիջականորեն ուղարկվել չեն կարող», – ավելացրեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է իրանական ուղղությանը, ապա Հայաստանը պետք է պահպանի Իսլամական պետության հետ փոխհարաբերությունների ներկայիս կառուցվածքը: Նրա խոսքով, երբ իրավիճակն այսքան լարված է դառնում, աշխարհը պետք է հայակենտրոն դառնա: Պետք է ուշադրություն դարձնել բացառապես սեփական շահերին:

Հրապարակումը դեռ պատրաստ չէր թողարկման, երբ հայտնի դարձով, որ հունիսի 27-ին Հայաստան կայցելի վրացական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի ղեկավարությամբ: Նա կմասնակցի տնտեսական համագործակցության հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Կարելի է հարյուրտոկոսանոց վստահությամբ պնդել, որ նիստում կքննարկվի նաև ռուս–վրացական հարաբերությունների ընթացիկ իրավիճակը: Ուզում ենք հուսալ, որ հայկական կողմը կկարողանա արդյունավետ օգտագործել նիստը՝ իրեն հուզող հարցերի պատասխաններ ստանալու համար:

Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել հուլիսի 8-ից ՌԴ-ից դեպի վրացական տարածք ռուսական ավիաընկերությունների կողմից չվերթեր իրականացնելու արգելքի մասին:  Ռուսաստանցիներն առաջին տեղում են Վրաստան այցելող զբոսաշրջիկների շարքում: 2019 թվականի հունվարից մայիս ՌԴ շուրջ 540 հազար քաղաքացի է այցելել Վրաստան, ինչը 31%–ով գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Կրեմլում նշել են, որ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հրամանը հարկադրված միջոց է ռուսաստանցիների անվտանգության ապահովման համար՝ Թբիլիսիում տեղի ունեցած ծայրահեղական գործողությունների ֆոնին: Կրեմլում նաև պարզաբանել են, որ արգելքը ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից, քանի որ այդ ընթացքում կավարտվեն Վրաստանի ուղղությամբ իրականացվող տուրերի մեծ մասը:

Ինչպես նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վրաստանում «ռուսատյացության հիստերիա է, որը արհեստականորեն հրահրվում է արմատական տարրերի կողմից»: Նա նաև նշել էր, որ Վրաստանը ներքին ճգնաժամ է ապրում, սակայն ռուսական կողմը «դա իր խնդիրը չի համարում»:

«Մեր խնդիրն է լինում, երբ դա հակառուսական բնույթ է ստանում: Դա այն է, ինչը ստիպում է մեզ մտահոգվել», – պարզաբանել է մամուլի քարտուղարը:

Մեկնաբանելով Թբիլիսիի բողոքի ցույցերը` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ Վրաստանը` արևմտյան աշխարհաքաղաքական ինժեներիայի հետևանքների օրինակ է դարձել: Նա կարծում է, որ արևմտյան «հրահանգիչները» պատրաստ են աչք փակել ազգայնամոլների անկարգությունների, ռուսատյացության վրա, միայն թե խզեն Ռուսաստանի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերաշարադրեն ընդհանուր պատմությունը:

Ըստ թեմայի

Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով
Իրավիճակն այնպիսին է, որ լուցկու մեկ հատիկից կարող է հսկայական պայթյուն լինել. Պետրոսյան
Իրանը վախենում է Ռուսաստանի չեզոքությունից. ո՞րն է Հայաստանի կարևոր դերն այս ամենում
Երևանը կարող է հաշտեցման միջնորդ դառնալ, կամ ի՞նչ զոհաբերեց վրացական իշխանությունը
«Վստահ եմ՝ Թրամփը պատրաստ է խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները». Սարգսյան
Վրաստանի փոխվարչապետը գալիս է Երևան. այցի օրն ու օրակարգը հայտնի են
Ինչու է հայկական ընկերության ավտոբուսը մնացել Վերին Լարսում. նոր մանրամասներ
թեգերը:
Արցախ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ