18:17 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ստեփան Դանիելյան

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն իշխանության վարկանիշի հարց է. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Facebook/ Stepan Danielyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
24901

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի՝ նախազդով ուղեկցված ձերբակալությունն անխուսափելիորեն մի շարք հարցեր է առաջ բերում: Դա անցյալի չարաշահումների դեմ պայքա՞ր է, թե՞ գործող իշխանության տատանված վարկանիշը շտկելուն ուղղված քալ:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն ավելի շուտ գործող իշխանության վարկանիշի հետ կապակցված հարց է: Այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Ըստ Դանիելյանի՝ վերջին շրջանում իշխանության ու հատկապես Նիկոլ Փաշինյանի վարվելակերպը ցույց է տալիս, որ իրենց համար շատ կարևոր է հանրային կարծիքը, դրա համար էլ անընդհատ նորություններ են ստեղծվում՝ հանրային կարծիքը նպաստավոր կերպով դեպի իրենց շեղելու համար:

«Հաշվի առնելով Ամուլսարի հետ կապված զարգացումները՝ իմ տպավորությունն այն էր, դեռևս նախքան այդ տեղեկության ի հայտ գալը, որ ինչ-որ նման ձերբակալություններ պետք է լինեն, որովհետև այլ եղանակով կառավարության վարկանիշը կարծես թե չեն կարողանում բարձրացնել և ուշադրությունը շեղել Ամուլսարի հետ կապված զարգացումներից: Իսկ դրանք շատ վտանգավոր զարգացումներ էին քաղաքական առումով, որովհետև իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մասնատման եզրին էր»,-նշում է քաղաքագետը:

«Գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին ման գալիս, չգտան». Խաչատրյանի պաշտպան
Հիմնավորելով իր տեսակետը, նա նաև նկատում է, որ նման հետևության է մղում և այն հանգամանքը, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը տեղի է ունենում իշխանափոխությունից մոտ մեկուկես տարի անց, և դա այն դեպքում, երբ այդ ձերբակալությանը բոլորը վաղուց էին սպասում, որովհետև «Խաչատրյանն այդ ամբողջ քրեական համակարգի ամենանշանավոր դեմքերից էր»:

Այստեղ հետաքրքիր է այլ բան՝ արդյո՞ք այդքան լուրջ էր սասանվել գործող իշխանության հանրային աջակցությունը կամ վարկանիշը, որ պահեստային կապուկից հանվեց Գագիկ Խաչատրյանի հաղթաթուղթը, եթե կուզեք՝ «ջոկերը»:

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ այո՛, շատ լուրջ է վիճակը, քանի որ Նիկոլ Փաշինյանի հենարանն առաջին հերթին փողոցն էր, և ինքն, ըստ էության, փողոցը կորցնում է, դրանից բացի՝ կա նաև խմբակցության խնդիրը:

Բանն այն է, որ վերջին տարիների քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների հիմքը բնապահպանական շարժումներ էին, և պարզ է, որ այդ մարդիկ, որոնք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջուկն են կազմում, որոնք կայացել են բնապահպանական խնդիրներով պայքարելու ժամանակ, չէին կարող հանկարծ համաձայնել Ամուլսարի հանքավայրի գործարկմանը:

 «Այսինքն, սա արդեն իրենց մարդկային տեսակի վարկաբեկման խնդիր էր, և այդ քայլին շատերը չէին կարող գնալ: Իսկ «Իմ քայլը» խմբակցության մասնատումը կարող էր հետագայում հանգեցնել կառավարության հրաժարականին, այսինքն՝ իշխանության հարց էր դրված: Ինձ թվում է, որ այդ երկու գործոնները չափազանց կարևոր էին»,-նշեց քաղաքագետը:

Ուշագրավ է, որ այս ընթացքում գրեթե մոռացվեցին դատական համակարգում արագ-արագ վերափոխումներ անելու, «վեթինգի», «անցումային արդարադատության» կամ նման թեմաները, նույնիսկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, որը, ինչպես օրերս նշեց արդարադատության նախարարը, այս տարի դեռ խորհրդարան չի հասնի:

Առհասարակ, ինչ վերաբերում է «անցումային արդարադատությանը» կամ զտում-վեթինգին, մեր զրուցակիցը շատ ավելի վաղ է հրապարակավ նկատել, որ դա մեծ հաշվով «PR արշավ» է, ընդ որում՝ արհեստական բնույթի արշավ, որն ի վերջո խնդիրների առաջ էր կանգնելու: Եվ այն բանից, որ մի որոշ ժամանակ շրջանառվելուց հետո այդ թեմաները դրվեցին գզրոցում, քաղաքագետին չի զարմացնում:

«Հիմա իրենք փորձում են քննարկման դնել Սահմանադրության փոփոխությունների հարցը: Կարծում եմ՝ մեկ տարի, կամ վեց ամիս, որքան կարողանան՝ խոսակցություններ կտանեն, հանրային քննարկումներ կանեն, հետո դրա մասին նույնպես կմոռանան: Այսինքն, այս կառավարության քաղաքականության ամբողջ իմաստը հանրային կարծիքը զբաղեցնելն է, սակայն դրա տակ կոնկրետ լուրջ գործ, լուրջ փոփոխություններ չկան»,-ասում է Ստեփան Դանիելյանը:

Հարկավ, հանրային կարծիքը շահելու, վերաշահելու, վարկանիշը կարգավորելու համար իշխանության գզրոցներում այլ «ջոկերներ» էլ կան, և ուշադիր դիտարկման դեպքում դրա ակնարկներն էլ կարելի է նկատել:

Ողջ հարցն այն է, սակայն, որ վարկանիշն ինքնանպատակ մի բան չէ: Հարցի այլ կողմ էլ կա, որը ժամանակին միանգամայն դիպուկ ու սրամիտ ձևակերպել էր անմոռանալի Միխայիլ Զադորնովը՝ հարգանքն ու վարկանիշը տարբեր երևույթներ են, և իշխանությունը գուցե վարկանիշը պահպանել է (ռեյտինգը), բայց հարգանքը՝ կորցրել:

Իսկ առհասարակ, ցանկացած իշխանության լավագույն վարկանիշը կատարած գործերն են ու դրանց արդյունքները: Ճառ ասողների պակաս ոչ մի ժամանակահատվածում չի եղել, զանգ կախողներն են դեֆիցիտ:

Ըստ թեմայի

Միլիոնավոր դոլարների չարաշահումներ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում. տեսանյութ
Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Վանեցյանը մանրամասներ հայտնեց
Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին
թեգերը:
Ստեփան Դանիելյան, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Խաչատրյան

Գլխավոր թեմաներ