09:35 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
1141 0 0

Քաղաքական գործիչները հայտնել են, թե ինչ դիրքորոշում ունեն Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստաթղթի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արցախի նախագահի թեկնածուներից 5-ը` Մասիս Մայիլյանը, Արայիկ Հարությունյանը, Աշոտ Ղուլյան, Հայկ Խանումյանն ու Ռուսլան Իսրայելյանը, ընդունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և Facebook-ում պատասխանել են այսօրվա ասուլիսի ընթացքում նրա հնչեցրած առաջարկին։

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը գրել է, որ մեկ անգամ ևս իր հստակ դիրքորոշումն է հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։

«2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին»,– գրել է նա։

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր գրառման մեջ շեշտել է, որ ՀՀ վարչապետի հարցադրմանն արձագանքում է «ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից»։

«Մեր քաղաքական թիմի, համոզված եմ` նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը»,– գրել է նա` հավելելով, որ Արցախի նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չի խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ:

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն իր գրառման մեջ հայտարարել է, որ որպես այդ երկրի նախագահի թեկնածու` անկախությունն իր համար Արցախի նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը Հայաստանին` վերջնանպատակը։

«Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ»,– գրել է նա։

Ղուլյանը նաև համոզմունք է հայտնել, որ առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը պետք է դառնան բանակցային գործընթացի անբաժանելի մաս։

Արցախի ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը նույնպես գրառում է արել այս թեմայով։

«Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսվում է տարածքային զիջումների մասին։ Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը»:

Խանումյանը շեշտել է, որ ՀՀ զինված ուժերից բացի, որևէ այլ երկրի, այդ թվում` միջազգային խաղաղապահ զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է։

Արցախի ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը ևս արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը։

«Խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, սակայն բանակցությունները պետք է տարվեն ոչ թե տարածքային փոխզիջումների պայմանով, այլ Ադրբեջանի կողմից ԱՀ սահմանադրությամբ հռչակված ողջ տարածքի վրա ԱՀ անկախությունը ճանաչելու միջոցով»:


Արցախի խնդրի վերջնական կարգավորումը նա տեսնում է 2 տարբերակով. Արցախի միավորումը Հայաստանին կամ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, որից այն հանրաքվեի միջոցով կմիանա Հայաստանին:Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու իրենց մտադրության մասին հայտարարած այլ անձինք դեռ չեն արձագանքել ՀՀ վարչապետի առաջարկին։

Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում կայացած ասուլիսում մեջբերել էր մամուլում հրապարակված բանակցային փաստաթղթից որոշ հատվածներ, որոնք, նրա ձևակերպմամբ, Սերժ Սարգսյանի թողած Ղարաբաղյան բանակցային գործընթացի ժառանգությունն են։

«ԼՂ 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Ղուբաթլիի, Ջեբրայիլի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ–ի կամ ԵԱՀԿ–ի հովանու ներքո, ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով, ԼՂ վերջնական իրավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին` նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները,– մամուլում հրապարակված փաստաթղթից մեջբերել էր Փաշինյանը` շեշտելով, որ այն հրապարակվելուց հետո չի հերքվել նախորդ իշխանության կողմից, –Ադրբեջանի իշխանությունները կմտնեն այդ 7 շրջանները այն բանից հետո, երբ այնտեղ կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժերը և դուրս կհանվեն ներկայում այնտեղ գտնվող զինված ուժերը»։

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում նաև առաջարկել էր ԼՂ նախագահի բոլոր թեկնածուներին` ներկայացնել իրենց դիրքորոշումը փաստաթղթում նշված կետերի մասին։

Նշենք, որ նախագահական ընտրություններն Արցախում նախանշված են 2020թ-ի մարտի 31-ին։

Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու։

Այս պահին նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավոր Հայկ Խանումյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, պատգամավորներ Վահան Բադասյանն ու Ռուսլան Իսրայելյանը և «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը։

Ըստ թեմայի

«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում
Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթությունները
Առաջընթաց կա «փոքր քայլերի» հարցում. ՌԴ ԱԳՆ–ն` ղարաբաղյան կարգավորման մասին

Գլխավոր թեմաներ