17:54 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
20911

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է բանակում գրանցված միջադեպերին և որոշ դիտարկումներ արել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան` բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է», երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Արգելել է, որովհետև, ըստ նրա, նման արտահայտությունները երբեմն արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում:

Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում վերջին շրջանում մահվան դեպքերի մտահոգիչ պատկերին` նախկին նախարարը ասել է, որ ԶՈւ ղեկավարությունը գիտի՝ ինչ պետք է անել, իրենք ունեն ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան, և այդ պլանի համաձայն համապատասխան աշխատանք պետք է իրականացնել:

«Եվ այդ գործը պետք է թողնել բանակի հրամանատարներին, անձնակազմի գծով տեղակալներին և հոգեբաններին, հասարակության մեջ ավելորդ շահարկումներով ճիշտ քայլ չենք անում, դրանից մեր հակառակորդներն են հրճվում: Պարզապես բանակի ղեկավարությունը մի պահ պետք է կանգ առնի, ամեն ինչ մի կողմ թողնի և հասկանա իրականությունը»,–ասել է Օհանյանը:

Նրա խոսքով` բանակում միջանձնային հարաբերությունների ուղղությամբ հրամանատարները, նրանց անձնակազմի գծով տեղակալները միշտ աշխատանքի տեղ ունեն: Օհանյանը հիշել է, որ մոտ 10 տարի առաջ վերլուծել են սպանությունների, ինքնասպանությունների վիճակագրությունը, յուրաքանչյուր հարյուր հազար զինվոր թվաքանակի հարաբերակցությամբ, և մեզ մոտ իրավիճակն ավելի լավ է եղել, քան ամերիկյան, ռուսական, թուրքական, գերմանական և նույնիսկ իսրայելական բանակում: «Բայց քանի որ մեր բանակն ազգային բանակ է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հասցնենք նվազագույնի: Նվազագույնի կարող ենք հասցնել հասարակության ու բանակի հետ համատեղ աշխատանքի արդյունքում»,–ասել է Օհանյանը:

«Պետք է ասվեր, բայց չասվեց». Շարմազանովը` Փաշինյան–Ալիև բանավեճի մասին

Նախկին նախարարի կարծիքով` միշտ էլ լինում են սև գոտիներ, դրա  համար այսօր պետք չէ չափից ավելի շահարկել. ովքեր չափից ավել մտահոգված են, պետք է առանձին բանակի ղեկավարության հետ քննարկեն առկա խնդիրները: «Բանակն ունի աշխատանքի համար համապատասխան ծրագրեր, պարզապես աշխատանքի ավանդույթները և այդ  ծրագրերի կատարման շարունակականությունը ինչ- որ տեղ կտրվում է, և սա այն պատճառով, որ հրամանատարների փոփոխություններ են լինում, նոր կադրեր են բերվում: Այս պահին պետք է կանգ առնեն և նորից ունեցած ծրագրերին համապատասխան 0-ից աշխատանք տանեն»,–կրկին ընդգծել է նա:

Նա հիշել է, որ ժամանակին մի շարք ծրագրեր արվել են, նաև իր ուղերձներում նշել է, թե ինչ աշխատանք պիտի տարվի ԶՈւ հրամանատարության կողմից իրենց ենթակաների հետ: «Այսօր խոսում են քրեական ենթամշակույթից. 2014 թ-ին բանակի ղեկավարության և այնպիսի կազմակերպված կառույցների, ինչպիսիք են դպրոցները, բուհերը,  ՀԿ-ները, իրավապահ մարմինները, նույնիսկ համայնքների ղեկավարները, նրանց հետ համատեղ աշխատանք է տարվել արատավոր, քրեական ենթամշակույթ պարունակող երևույթները վերացնելու նպատակով, որպեսզի բանակը վերջնական զտող կառույցը լինի, և թույլ չտանք այդ ամենը ներթափանցի զինված ուժեր»,–ասել է նախկին նախարարը:

Օհանյանի խոսքով` էլի մեծ աշխատանքի կա անելու, և բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել։ «Բայց այս պահին այդ սև գոտին, որը ցավ է պատճառում բոլորիս, պետք է կանգնեցնել և բանակի հրամանատարությանն աջակցել։ Բայց շատ դեպքերում նաև պետք է թողնել, որ ինքնուրույն աշխատեն,  չափից ավել բանակի գործերին միջամտելը կխանգարի»,–ասել է Սեյրան Օհանյանը:

Նախկին նախարարի խոսքով` ռազմական ոստիկանությունը զորամասերում ունի հենակետեր, պետք է ունենա տեղեկություններ ստորաբաժանումների վիճակի մասին, և այնտեղ, որտեղ միջանձնային հարաբերությունների արդյունքում հասունանում են այդպիսի դեպքեր, պետք է ահազանգի հրամանատարությանը: «Բայց ուզում եմ նորից կրկնել՝ մեծ աշխատանքը հրամանատարներինն է և շատ դեպքերում իրավապահները նաև խանգարում են: Իմ պաշտոնավարման  ժամանակ, երբ նման իրադրություն էր հասունանում տվյալ զորամասի տվյալ հենակետում, այդտեղի ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ էին պատժվում հրամանատարների հետ միասին»,–ասել  է նա։

Հրաժեշտ բանակին. երևանյան զորամասում օդ են թռցնում զորացրվողներին. տեսանյութ

Խոսելով բանակում տարբեր տարիների ընթացքում գրանցված և չբացայատված դժբախտ դեպքերի մասին` նախկին նախարարը նշել է, որ այդ ամենն իրավապահների տիրույթում է, որովհետև հրամանատարներն իրենց աշխատանքները կատարել են, հարուցված են քրեական գործեր և այդ գործերի լիարժեք պատասխանը իրավապահ մարմինները պիտի տան: «Ես հասկանում եմ, որ  ծնողների մոտ մաքսիմալ բացահայտման ցանկություն կա, բայց լիարժեք պատասխանի համար, սկսած նախաքննությունից մինչև դատական գործընթաց, պատասխանատու են իրավապահ մարմիները: Նրանք պետք է վերականգնեն վստահությունը սևազգեստ մայրերի մոտ»,–ասել է նա:

Հիշեցնենք, որ 2020–ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 12–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 10 զոհ և 5 վիրավոր: Ընդ որում, 10 զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են կամ հիվանդության հետևանքով (2 դեպք), կամ դժբախտ պատահարի հետևանքով (4 դեպք), կամ ինքնասպանություն է գրանցվել (1 դեպք), կամ էլ՝ դեռևս չպարզված հանգամանքներում (3 դեպք):

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները շարունակում են խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. 7 օր առաջնագծում
«Պարտված ենք բոլորս». ԶՈւ ԳՇ պետի հետ ԱԺ երկու հանձնաժողովները փակ քննարկում կունենան
Ով է պատասխան տալու 3 զինվորի մահվան համար. քրեական գործ է հարուցվել
թեգերը:
Սեյրան Օհանյան, զինակոչիկ, Զինված ուժեր, զինծառայող, Զինվոր, Բանակ

Գլխավոր թեմաներ