16:29 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
162 0 0

Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ ընտրական գործընթացը մեկնարկել է առանց շքեղ միջոցառումների` դրոշների, փուչիկների ու ճառերի։ Մեկը փող չունի, մյուսները` ցանկություն։ Բայց բոլորը վստահեցնում են` ամեն ինչ դեռ առջևում է։

ԵՐԵՎԱՆ, 19 Փետրվար — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանում արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։

Իրականում սակայն, քարոզարշավն ընթանում է առանց քարոզչության, եթե չհաշվենք սոցիալական կայքերում առկա որոշ լուսանկարներն ու գրառումները։

Եթերում քարոզչական հոլովակներ չկան, փողոցներում քարոզչական պաստառներ` ևս, անգամ ընտրողների հետ հանդիպումներ, հանրահավաքներ դեռ տեղի չեն ունեցել։

Ու այս իրավիճակը, թերևս երկար կձգվի։ Իշխող քաղաքական ուժը` հանրաքվեի «Այո»–ի կողմը, արդեն պաշտոնապես հայտարարել է` քարոզչության համար փող չունի, նոր պիտի հավաքի։ Այդ նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փետրվարի 25-ին «Դվին» ռեստորանում դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպել։ «Այո»–ի քարոզարշավի հետագա ճակատագիրը, թերևս, կախված կլինի հավաքված գումարից։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ հանրային պատկերացմամբ քարոզարշավի ՀՀ ընտրողները մինչև ապրիլի 5-ը, այնուամենայնիվ, ականատես կլինեն։

«Հանրահավաքներ կլինեն, թե ոչ` չեմ կարող ասել, բայց կլինեն հանդիպումներ քաղաքացիների հետ։ Իրազեկման գործընթացը հիմա էլ լայնորեն լուսաբանվում է, ու շատ կարևոր է, որ այդ լուսաբանումը լինի կառուցողական դաշտում»,– ասաց նա։

«Ոչ»–ի դաշտում ևս այս պահին հարաբերական անդորր է։ Պատկերն էլ գրեթե նույնն է. չկա գումար, չկան քարոզիչներ։

«Ոչ»–ի քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ իրենք ևս քարոզչական հաշիվ այս պահին չունեն ու չի բացառվում, որ չունենան էլ։

Աննախադեպ քարոզարշավ. «այո» կա, «ոչ» չկա, բոյկոտողներն էլ ինչ ուզեն կքարոզեն

«Այդ հարցը չենք քննարկել ու մինչ այս պահը ԿԲ–ում չենք էլ բացել քարոզչական հաշիվ։ Քանի որ մենք հանդես ենք գալիս որպես հարթակ, մինչ այս պահը դրա անհրաժեշտությունը չի էլ առաջացել»,– ասաց Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը մեկնաբանեց, որ իրենք քարոզարշավ չեն էլ իրականացնելու, որովհետև քաղաքական ուժ չեն, այլ մի խումբ (61 հոգի) իրավաբաններ։ Փոխարենն իրենք պատրաստ են օրենքով իրենց հասանելիք քարոզչական հարթակները տրամադրել «ոչ»–ի կողմնակից այլ գործիչների։

«Եթե կլինեն մարդիկ, ովքեր այդ հարթակներից օգտվելու ցանկություն կունենան, մենք այդ հարթակները կտրամադրենք»,– ասաց Մելիքյանը։

Հարթակները, որոնց մասին իր խոսքում նշեց «Ոչ»–ի խմբի ղեկավարը, օրենքով նախատեսված հանրային ռեսուրսներն են` Հանրային հեռուստատեսությամբ ու ռադիոյով անվճար քարոզչության եթերաժամանակը, 5 քմ–ից մեծ քարոզչական վահանակներն ու պաստառները, ընտրողների հետ հանդիպումների համար Երևանում ու մարզերում անվճար տրամադրվող դահլիճները։

Փաստորեն, իրավաբանները ԿԸՀ–ում գրանցվելով որպես «Ոչ» քարոզչության կողմ, փորձել են թույլ չտալ, որ հանրային բարիքն իզուր կորի ու հիմա պատրաստ են դրանցից օգտվելու իրենց իրավունքը տրամադրել այլ ցանկացողների։

Բացի այդ «Ոչ»–ի կողմին օրենքը նաև յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովում 2-ական անդամներ ունենալու իրավունք է տալիս։ Այս իրավունքից օգտվելով` «Ոչ»–ի կողմը փորձում է ոչ միայն «սուրբ տեղերը» դատարկ չթողնել, այլև ներսից մասնակից լինել ու վերահսկել ընտրական գործընթացը։

Հետաքրքական է, որ պաշտոնապես գրանցված կողմերը չեն շտապում հանդիպել ընտրողների հետ, իսկ հանրաքվեին չմասնակցող ուժերը` ճիշտ հակառակը` մտադիր են իրենց տեսակետը հասցնել քաղաքացիներին։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Կապ չունի` Սարգսյանի, թե Քոչարյանի աջակիցն է ձևավորելու «Ոչ»–ի շտաբը. Ալեն Սիմոնյան

«Մենք դիմելու ենք քաղաքացիներին, մենք պետք է քաղաքացիներին բացատրենք` որն է «Ոչ»–ը, որն է «Այո»–ն, որն է չմասնակցելը։ Մենք պատգամավոր ենք, մենք չենք կարող հանրության հետ այդ ճանապարհը չանցնել, իհարկե, որևէ դիրք չգրավելով»,– ասաց պատգամավորը։

Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել էր, որ հանրաքվեին չի մասնակցելու, որովհետև այդ գործընթացն իրավական տեսանկյունից խոցելի է համարում։ Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժը` «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցում, որովհետև հանրաքվեն ապօրինի է համարում։

Արտախորհրդարանական հիմնական քաղաքական ուժերից ՀՀԿ–ն ևս հայտարարել էր, որ հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չի մասնակցելու, իսկ ՀՅԴ–ն ընդհանարապես հորդորում է անտեսել հանրաքվեն։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին։ Դրանից հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Արմեն Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 7 անդամները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը:

«Եթե 7 դատավոր հրաժարական տա հանրաքվեի նախօրեին, 2,7 մլրդ դրամը կփոշիանա». Այվազյան

Հետևաբար, հանրաքվեի դրված փոփոխությամբ, ՀՀ քաղաքացիներն, ըստ էության որոշում են ՍԴ 7 անդամների` Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Արևիկ Պետրոսյանի, Աշոտ Խաչատրյանի ու Ֆելիքս Թոխյանի պաշտոնանկությունների հարցը։

Եթե Սահմանադրական փոփոխությունն ընդունվի, նրանք պաշտոնանկ կարվեն ու նրանց փոխարեն ԱԺ–ը կընտրի ՍԴ նոր անդամների` ըստ հերթականության` ՀՀ կառավարության, ՀՀ նախագահի, Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկած թեկնածուներից։

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ի ժամը 24։00–ին։

Ըստ թեմայի

ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
Ե՛վ մտահոգ են, և՛ աջակցում են. ԵԽ քարտուղարն անդրադարձել է հայաստանյան զարգացումներին
Շարմազանով. «ՍԴ–ի դեմ գործընթացն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա»
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Ռուբեն Մելիքյան, Նիկոլ Փաշինյան, Հրայր Թովմասյան, հանրաքվե, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ

Գլխավոր թեմաներ