ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը հետաձգելու պաշտպանի միջնորդությունը բավարարվել է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է»,–գրել է նա:
Մակինյանը տեղեկացրել է, որ հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Սերժ Սարգսյանի հարցազրույցները չունեն քաղաքական առումով ռեաբիլիտացվելու նպատակ. Բադալյան
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: