10:41 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
76130

Հաշվի առնելով, թե ինչպիսի համառությամբ է Անկարան Բաքվին սեփական արտադրության անօդաչուներ առաջարկում` չի բացառվում, որ հայկական բանակն ապագայում կարող է բախվել այդ դրոններին։ Նշանակում է՝ հիմա արդեն պետք է սկսել դրանց դեմ պայքարի մարտավարությամբ զինվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի -  Sputnik. Վերջերս Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերը մեծ հետաքրքրություն են առաջացրել անօդաչու թռչող սարքերի նկատմամբ։ Դրան նպաստեցին մի քանի հանգամանք և առաջին հերթին՝ հայկական բանակի հաջող գործողությունները։

Турецкий беспилотник Bayraktar TB2
Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ–ն

Մարտերի հաշված օրերի ընթացքում խոցվեց 14 իսրայելական արտադրության կամ մշակման ադրբեջանական ԱԹՍ, իսկ հայկական արտադրության դրոնները մարտական մկրտություն ստացան։ Ավելին, պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ երկու ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների մահը հենց հայկական ԱԹՍ-ների հարվածի արդյունքն էր։

Եվ ահա, Տավուշում մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից անմիջապես հետո տեղի ունեցան հայ-ռուսական ՀՕՊ զորքերի զորավարժությունները, ինչի մասին  արդեն հայտնել ենք նախորդ հրապարակումներում։ Այդ զորավարժությունների ընթացքում, ինչպես հայտնում է ՊՆ-ն, վերլուծել են հակամարտության սրման օդային, մասնավորապես՝ «անօդաչու» բաղադրիչը։ Այլ կերպ ասած՝ քննարկվել են խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը, դրանց հակազդելու մարտավարությունը և մի շարք այլ հարցեր։

Այնուամենայնիվ, մի շարք ռուսաստանցի դիտորդների կարծիքով, դժվար թե հայ և ռուս զինվորականները սահմանափակվեին միայն ադրբեջանական ԶՈւ խոցված դրոնների ուսումնասիրությամբ։ Բանն այն է, որ Թուրքիան ևս ակտիվորեն իր տեղն է փնտրում դրոնների համաշխարհային շուկայում։

Թուրքական արտադրության Bayraktar TB2 ԱԹՍ-ներն այս տարվա փետրվար-մարտին կիրառվում էին Իդլիբ գավառում՝ սիրիական բանակի դեմ մարտական գործողությունների ընթացքում։ Իսկ տավուշյան սրացումից հետո ադրբեջանական և թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին Ադրբեջանին այդ սարքավորումների հնարավոր մատակարարման մասին։

Դա թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում հայ զինվորականները ստիպված են լինելու բախվել այդ ԱԹՍ-ների հետ։ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ այս ամենը հաշվի առնելով, ՌԴ հակաօդային պաշտպանության մասնագետները վերջին զորավարժությունների ընթացքում կարող էին ներկայացնել թուրքական դրոնների չեզոքացման իրենց փորձը։ Նրանք այդ դրոնների հետ միջնորդավորված կերպով բախվել են Սիրիայի և Լիբիայի մարտական գործողությունների թատերաբեմում։

Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

«Միանգամայն բնական եմ համարում Լիբիայում և Սիրիայում մարտական գործողությունների ընթացքում ստացած տեղեկությունները փոխանակելը։ Երկու երկրներում էլ ակտիվորեն օգտագործվել են թուրքական ԱԹՍ-ները։ Հայ զինծառայողներին շատ օգտակար կլինի տեղեկություններ ստանալ այդ հարվածային դրոնի ոչ միայն մարտավարական-տեխնիկական բնութագրիչների (նկատի ունի «Բայրակտարները»՝ խմբ․), այլև դրա կիրառման մասին։ Ընդ որում՝ կիրառման տակտիկան կարող է լինել ինչպես անհատական, այնպես է «պարսաձև»»,-ասել է Եվսեևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նրա խոսքերն անուղղակիորեն հաստատում են հայ-ռուսական զորավարժությունների կադրերը, որոնք, ըստ երևույթին պատահաբար հայտնվել են պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդման տեսախցիկի օբյեկտիվում։ Կադրերում երևում է, թե ինչպես է վարժանքների ժամանակ էկրանին հայտնվում Bayraktar TB2-ի՝ համացանցում ամենատարածված նկարներից մեկը։

Ի դեպ, ՊՆ-ում թուրքական դրոնների մարտավարական-տեխնիկական բնութագրիչների քննարկման մասին տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին։

Եվսեևի խոսքով՝ մեծ հետաքրքրություն է ներկայացնում այդ ԱԹՍ-ների դեմ ոչ միայն հարվածային համակարգերի, այլև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման հնարավորությունը։ Ռուսաստանն արդեն Հայաստանին մատակարարել է ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից սարքավորումներ, և դրանք կարող են հաջողությամբ կիրառվել «Բայրակտարների» դեմ։ 

«Ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել, որ ադրբեջանական բանակի ձեռքում, ի լրումն իսրայելական ԱԹՍ-ների, կարող են հայտնվել նաև դրանց թուրքական տարբերակները»,-ավելացրեց մեր զրուցակիցը։

Նրա հետ համաձայն է ռազմական վերլուծաբան Վիկտոր Լիտովկինը։ Նա Sputnik Արմենիային հայտնեց, որ չի կարծում, թե ինչ-որ հատուկ գաղտնիքներ կան, որոնք ռուսաստանցի զինվորականները կթաքցնեին հայ հրետանավորներից։

«Չնայած, մյուս կողմից, եթե հայկական զինված ուժերն արդեն իսրայելական արտադրության դրոնների դեմ բարեհաջող պայքարի հմտություններ մշակել են, չեմ կարծում, թե թուրքական ԱԹՍ-ները դրանցից շատ են տարբերվում»,-ավելացրեց Լիտովկինը։

Կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր. ՀՀ–ում պլանային վարժանքներ են մեկնարկել

Հարկ է նշել, որ Սիրիայում թուրքական դրոնների դեմ հաջողությամբ կիրառվել են Բաշար Ասադի բանակի տրամադրության տակ գտնվող «Բուկ Մ2Է» զենիթահրթիռային համալիրները։

Հայկական բանակը նույնպես «Բուկ»-եր ունի, սակայն Եվսեևը պնդում է, որ Bayraktar TB2-ի դեմ կարելի է պայքարել նաև Հայաստանում արդիականացված Оса АКМ զենիթահրթիռային համալրիներով։ «Իշամեղուները» (Оса`թարգմ․) իրենց լավ են դրսևորել Տավուշի իրադարձություններում, մասնավորապես հենց դրանցով է խոցվել Ադրբեջանի Hermes 900 թանկարժեք հետախուզական դրոնը։

Ըստ թեմայի

«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները
Հրապարակվել է ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը
Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Տավուշ, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Թուրքիա, Elbit Hermes 900 ԱԹՍ, անօդաչու թռչող սարք

Գլխավոր թեմաներ