10:39 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1619)
270 0 0

ՀՀ նախագահը համոզված է` եթե չլինի միջազգային ուժեղ արձագանք տարածաշրջանում Թուրքիայի կանխամտածված և անօրինական գործողություններին, տարածաշրջանը կարող է վերածվել սիրիական մղձավանջի։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջարիդա» օրաթերթին և պատասխանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերին։ Լրագրողը հարցրել է` հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը` չե՞ք վախենում, որ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը կստեղծի նոր «Սիրիա»:

«Այո՛, վախենում եմ, քանի որ եթե չլինի միջազգային ուժեղ արձագանք տարածաշրջանում Թուրքիայի կանխամտածված և անօրինական գործողություններին, տարածաշրջանը կարող է վերածվել սիրիական մղձավանջի: Իսկ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս դրանից կտուժեն բոլորը: Հետևաբար, եթե Թուրքիային չստիպեն դադարեցնել իր ուղղակի միջամտությունը ռազմական հարձակողական գործողություններին, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կարող է դուրս գալ վերահսկողությունից»,– պատասխանել է ՀՀ նախագահը։

Սարգսյանի խոսքով` մենք պետք է թույլ չտանք Թուրքիային և Ադրբեջանին ավելի ուժգնացնելու և ավելի խճճելու իրավիճակը՝ ստեղծելով մի իրադրություն, որն ի վերջո Կովկասը կվերածի մեկ այլ Սիրիայի:

«Թուրքիան մշտապես վարձում և Ադրբեջան է ուղարկում վարձկաններ և մոջահեդ-իսլամիստ ահաբեկիչներ՝ կռվելու Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես մենք ենք ասում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ: Տարբեր երկրներ պետք է միջամտեն և ուժեղ ու հստակ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ դադարեցնելու տարածաշրջանում վերջինիս միջամտությունը: Եթե Թուրքիան հեռու մնա, մենք հնարավորություն կստանանք ունենալու արդյունավետ հրադադար և բանակցություններ, ինչպես նաև հավանականություն՝ վերադառնալու բանակցային սեղանին»,– նշել է նախագահը:

Նրա խոսքով` Թուրքիայի նման ներգրավվածությունը և ադրբեջանական ագրեսիան, որը չդադարեց անգամ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այլև ողջ աշխարհի հայերի ու հայերի բարեկամների համար ընկալվում է այնպես, որ Թուրքիան ցանկանում է կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 105 տարի առաջ, այն է՝ հայերի էթնիկական զտում իրենց հայրենիքից՝ նպատակ ունենալով իրականացնել մեկ այլ ցեղասպանություն:

«Մենք՝ հայերս, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, երբեք թույլ չենք տա, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա: Այլևս երբեք»,– շեշտել է Սարգսյանը:

Լրագրողը նշել է` Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ հայ կամավորները, մասնավորապես Սիրիայից և Լիբանանից, միանում են կռիվներին: Նա հարցրել է` չե՞ք վախենում, որ սա կարող է մեծացնել հակամարտության կրոնական մասշտաբները:

«Օսմանյան կայսրության կողմից իրականացված և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կողմից երբեք չճանաչված Հայոց ցեղասպանությունից հետո հայերը սփռվեցին ողջ աշխարհով և դարձան այնպիսի երկրների հպարտ քաղաքացիներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Արգենտինան, Լիբանանը, Ավստրալիան, Սիրիան, Վրաստանը, Սինգապուրը, Լեհաստանը և այլն: Երբ կա գոյութենական սպառնալիք, ողջ աշխարհի հայերը մոբիլիզացվում են, անգամ գալիս են իրենց Հայրենիք՝ տեղում օգնելու իրենց եղբայրներին և քույրերին: Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ոչ թե Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու և այդպիսով՝ խաղաղության հասնելու գործընթացն ավելի բարդացնելու համար: Քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնեցնի այս ընթացքը: Անընդունելի է 21-րդ դարում վարձկանների գոյությունը, որոնց վճարում են քաղաքացիական անձանց սպանելու կամ հումանիտար աղետ ստեղծելու համար»,– ասել է ՀՀ նախագահը:

Ինչ վերաբերում է կրոնական գործոնին, Սարգսյանի խոսքով, հայերը երբեք այլ կրոնների հանդեպ վատ վերաբերմունք կամ անհանդուրժողականություն չեն ցուցաբերել:

«Այս հակամարտության համատեքստում կրոնական գործոնն ուղղակի բացակայում է հենց ամենասկզբից: Հայաստանն ու հայերը լիակատար հարգանք ունեն բոլոր կրոնների ու հավատալիքների հանդեպ և մեր պատմության հազարավոր տարիների ընթացքում մենք հստակորեն ցույց ենք տվել մեր հանձնառությունը մարդկային արժեքներին, այդ թվում և հանդուրժողականությունն ու հարգանքն այլ կրոնների, մշակույթների, ռասաների նկատմամբ և այլն: Չեմ ճանաչում որևէ հայի, որ ատելություն տածի այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ: Մենք քրիստոնեություն ենք ընդունել 301 թվականին, որպես աշխարհում առաջինը պաշտոնապես ընդունած երկիր: Երկու հազարամյակի ընթացքում հայ ժողովուրդն անցել է պատերազմների, հակամարտությունների, տեղահանումների, անգամ ցեղասպանության միջով, սակայն երբեք չի դարձել կրոնական կույր մոլեռանդ, ինչպիսին մենք տեսնում ենք մեր դեմ ադրբեջանական կողմում կռվողների մեջ»,– ասել է ՀՀ նախագահը:

Արեն Սարգսյանին ուղղված հարցերի մեկն էլ վերաբերել է հրադադարին։ Նա հետաքրքրվել է`ի՞նչ պահանջներ ունի Հայաստանը զինադադարի հաստատման համար:

«Մենք առավել քան համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այստեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորող միակ տարբերակն է: Այս հարցի քաղաքական լուծումը պարզ է՝ հնարավոր ցեղասպանությունը և այս մարդկանց բռնի տեղահանությունը կանխելու միակ միջոցը նրանց ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչելն է»,– պատասխանել է նախագահը:

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև միջազգային միջամտության մասին։

«Միջազգային միջնորդությունը, որն իրականացվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, խաղաղ կարգավորման հասնելու հիմնական հարթակներից է, սակայն այդ փխրուն խաղաղությունը բացահայտորեն խաթարվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ սեպտեմբերի 27-ին ապակայունացնելով կովկասյան տարածաշրջանը և հայերի դեմ կռվելու համար այստեղ տեղափոխելով վարձկաններին ու ջիհադիստներին»,– ասել է նա:

Սարգսյանի խոսքով` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հայտարարությունները՝ բռնությունը անմիջապես դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ անտեսվել են ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև, նախևառաջ, Թուրքիայի ղեկավար Էրդողանի կողմից, ով պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հրահրելու և դրանում ռազմական մասնակցություն ունենալու համար: Ուստի միակ միջազգային միջամտությունը Թուրքիայինն է, որը ոչ միայն բարդացրեց իրավիճակը, այլև դարձավ հայ բնակչության գոյության համար իրական սպառնալիք և կտրուկ ապակայունացրեց ամբողջ տարածաշրջանը: ՀՀ նախագահը նշել է` այստեղ հատկանշական է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հայտարարությունն առ այն, որ իր երկիրը շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին բոլոր պարագաներում՝ դրանով հաստատելով այս պատերազմին Թուրքիայի ռազմական ներգրավվածության փաստը:

«Այս փաստը պետք է լուրջ մտահոգության առիթ տա ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, քանի որ վերջիններիս դաշնակիցը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող գործընկեր երկրի դեմ ագրեսիայի նախաձեռնողն է: Այս առումով, միջազգային շահագրգիռ կողմերը, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են երկարաժամկետ խաղաղությամբ կամ հակամարտության լուծմամբ, մասնավորապես՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ, պետք է այնպես անեն, որ Թուրքիան զերծ մնա միջամտելուց, և ստիպեն Անկարային և Բաքվին հաշվետու լինել և պատասխանատվություն ստանձնել այս սարսափելի պատերազմը հրահրելու համար»,– շեշտել է Սարգսյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1619)

Ըստ թեմայի

Ո՞վ կարող է Լեռնային Ղարաբաղում հայերից տարածք պահանջել. Արմեն Սարգսյան
Ինչու պետք է կողմերը վստահեն Ռուսաստանին. Արմեն Սարգսյանի կարծիքը
Եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին. Արմեն Սարգսյանը` Էրդողանի նպատակների մասին
թեգերը:
Արմեն Սարգսյան, Ադրբեջան, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ