ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն էր:
«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերին հանգամանալից տեղեկատվություն հաղորդեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ծանոթացրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրա հետևանքով պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանությունների փաստերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զոհվածների վերադարձի և գերիների փոխանակման թեմայով ԵԱՀԿ ՄԽ–ն կապի մեջ է Կարմիր խաչի հետ
Նախարարն ընդգծել է՝ մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունը համընդհանուր են և պայմանավորված չեն տվյալ տարածքի կարգավիճակով։ Մնացականյանը շեշտել է՝ ցանկացած այլ մեկնաբանություն կտրականապես անընդունելի է:
ԱԳ նախարարը խոսել է նաև Թուրքիայի մասնակցության ու տարածաշրջանն ահաբեկչության օջախ դարձնելու նկրտումների մասին։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ սա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։
Կողմերն ընդգծել են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ արդեն երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 17-ին և 25-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ու բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը։
ԿԽՄԿ նախագահը կարևորել է զոհվածների մարմինների հավաքագրման ու փոխանակման պայմանավորվածության կատարմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին