15:32 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
34801

Մանե Գևորգյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերաբերյալ տեղեկություններ հայտնել է քաղաքական ուժերին:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Facebook-ում գրել է` բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներից, հասարակության հետ ազնիվ չեն։

«Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։ Ավելին, այսօր մեր երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց նեղ քաղաքական նյութական շահերի»,- նշել է Գևորգյանը։

Նա շեշտել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին ևս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, հնարավոր քաղաքական լուծումները՝ պայմանավորված ճակատում տեղի ունեցող իրադարձություններով:

Հիշեցնենք` հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը, սակայն հանրահավաքը ոչ միայն կայացավ, այլև վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Ըստ թեմայի

Արցախի չորս կուսակցություններ միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ
Փաստաթղթում վտանգավոր ձևակերպումներ կան. Արա Զոհրաբյանը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին
թեգերը:
Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ