ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն անձամբ ու իր ղեկավարած հանձնաժողովն այս օրերին եղել են ԱԺ–ում։
«Մեր հանձնաժողովը կես օր է բացակայել» ,– ասաց նա։
Ինչ վերաբերում է խորհրդարանի`բնականոն աշխատանքի անցնելուն, Քոչարյանը վստահեցրեց, որ ԱԺ հերթական նստաշրջանին իշխող խմբակցության անդամները ներկա կլինեն, իսկ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին չեն մասնակցել, քանի որ չմասնակցելու որոշում է եղել։
«Նիստերն անպայման պետք է լինեն, և քննարկելու բազմաթիվ խնդիրներ կան։ Բայց պետք է պատրաստ լինի այն օրակարգը, որը բխում է մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունից»,– ասաց պատգամավորը։
Քոչարյանը շեշտեց, որ հակառակորդը փորձել է ցանկացած իրավիճակ իր օգտին օգտագործել։ Այդ է պատճառը, որ ներկա դադարը շատ կարևոր է ցանկացած զարգացման պատրաստվելու ու պատրաստ լինելու համար։
Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ. նրանց մի մասը հրաժարական է պահանջում
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում հրադադարի մասին, որով հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների: Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին 00։00-ից:
Հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է հակամարտության գոտում։ Այն բաղկացած է 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից, 380 միավոր մեքենայից ու հատուկ տեխնիկայիորոշ քանակց:
Որոշումը քննադատության փոթորիկ է առաջացրել Հայաստանում, քաղաքական– հասարակական որոշ շրջանակներ ՀՀ վարչապետին ու իշխող քաղաքական ուժին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու մեջ: Երևանում արդեն մի քանի օր է, ինչ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցները բերման են ենթարկվում ու ձերբակալվում։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փորձեցին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել` իրավիճակը քննարկելու համար, բայց «Իմ քայլի» ու քվորումի բացակայության պատճառով այդ նախաձեռնությունը տապալվեց։