ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիների ընթացքում հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նորանշանակ դեսպանը նախագահին է փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ ողջույնները: Դեսպանն ընդգծել է, որ իր գիտելիքներն ու եռանդը կծառայեցնի երկու երկրների ավանդական բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգացնելուն և դրանց նոր որակ հաղորդելուն:
Նշվել է, որ երկկողմ հարաբերություններում կա չիրացված մեծ ներուժ:
Հանդիպմանը ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության ընդլայնմանը հնարավորությունները արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, սննդի անվտանգության և այլ ոլորտներում: Անդրադարձ է արվել նաև մեր երկրում ստեղծված իրավիճակին: