01:42 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1144)
128301

Հայաստանի վարչապետը հոդված է հրապարակել, որում փորձել է պատասխանել արցախյան պատերազմին վերաբերող հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ինչպե՞ս էր հնարավոր խուսափել պատերազմից, և ինչո՞ւ դա հնարավոր չեղավ գործնականում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված է գրել` փորձելով պատասխանել անընդհատ շրջանառվող այս հարցերին։ Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում նա նշել է, որ 2013 թվականից Ադրբեջանն աննախադեպ սրել էր շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը, քանի որ աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններ կային։

«Եթե մինչ Սիրիայի և Ուկրաինայի իրադարձությունները Ռուսաստանի համար առաջնային թեժ կետը Հարավային Կովկասն էր, 2015 թվականի դրությամբ ավելանում են Ղրիմը, Դոնբասը, Սիրիան: Բոլոր այս տեղերում Ռուսաստանի պատասխանատվությունը աճում է և որքան էլ գերտերություն, ՌԴ կարողություններն անսահմանափակ չեն: Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից և ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ, հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի», - գրում է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ կողմից առաջարկված 7 տարածքների և փախստականների վերադարձման նոր փաթեթները շարունակվում են մերժել Ադրբեջանի կողմից։ 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը, դրանից հետո էլ շարունակվում են յոթ տարածքների վերադարձման շուտ բանակցությունները։ Իսկ ԼՂ կարգավիճակը չի քննարկվում․ Ադրբեջանն ասում է՝ իր կազմից դուրս քննարկելի չէ, և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը։

«1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է։ Բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր, որն, իհարկե, էական հաջողություն կլիներ, եթե այդ ժամանակը հնարավոր լիներ աշխատեցնել մեր օգտին։ Բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմով, երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով, ժամանակ ձգելու դարաշրջանը նույնպես ավարտվեց», - գրում է վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, նա հանդես եկավ ելույթով, որում շեշտեց, որ բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն։

«Եվ հաջորդը՝ հանրային դիսկուրսի առումով հանդես եկա բավականին կառուցողական բանաձևով, հրապարակային պնդելով, որ ԼՂ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Այս ամենի նպատակը ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից: Եվ հենց այստեղ էր ձախողումը, որովհետև պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ: Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով և ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունը ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ և բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումը», - գրում է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պատերազմը կարելի էր կանխել տարածքներ հանձնելով՝ փոխարենը ստանալով ոչինչ։ Հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն ինչ կա, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք, բայց դա՝ հետահայաց, գրում է վարչապետը: Նա նաև ասում է՝ ոչ ոք պատրաստ չէր պատերազմի սկզբնական շրջանում այդ սցենարին։

«Հանրահայտ հակափաստարկ կա. մյուսները, հանրությունը չէին տիրապետում կամ չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որ վարչապետն էր տիրապետում, և ուրեմն վարչապետը իր իմացած տեղեկատվության հիման վրա պետք է որոշում կայացներ։ Ճիշտ փաստարկ է, և իմ տիրապետած տեղեկատվությունը այն մասին էր, որ իրադրության լիցքաթափումը կամ պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետևանքների։ Եվ ուրեմն որոշումն էր՝ պայքարել այդ աղետալի հետևանքների դեմ։ Արդյունքում ավելի աղետալի հետևանքնե՞ր ունեցանք։ Գուցե։ Բայց այն մյուս աղետի հնարավոր մասշտաբները գիտենք տեսականորեն։ Հիմա չգիտենք, թե այն մյուս աղետը գործնականում ինչպիսին էր լինելու, ինչպես այն ժամանակ չգիտեինք այս մի աղետի գործնական պարամետրերը», - գրում է Փաշինյանը։

Նա ասում է, որ բոլոր սցենարներով հանձնվելու էր Շուռնուխի կեսը, քանի որ Ղուբաթլուի շրջանը պետք է հանձնվեր Ադրբեջանին։

Ըստ Փաշինյանի` հողերի խաղաղ հանձնումը կարող էր Հայաստանին շահավետ լինել 90-ականների սկզբին, երբ Ադրբեջանը ռազմական առումով շատ ավելի թույլ էր, ՀՀ-ն էլ հաղթողի դիրք ուներ։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1144)

Ըստ թեմայի

Փաշինյանն Ալիևի հետ նոր փաստաթուղթ կստորագրի. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է իրավիճակն Արցախում
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. ներկա է եղել նաև Արցախի նախագահը
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ