17:00 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Արման Թաթոյանն այժմ միջազգային կառույցների միջոցով է աշխատում Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վաղը գերիների հարցով նոր արտահերթ զեկույց կհրապարակի։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թաթոյանը հայտնեց` մասնավորապես ինչ է նշված լինելու զեկույցում։

«Ադրբեջանը վերջերս մի քաղաքականություն է վարում, ըստ որի` քրգործեր է հարուցում մեծ տարիքի այն գերիների հանդեպ, որոնք նաև Արցախյան առաջին պատերազմին են մասնակցել։ Արտահերթ զեկույցով միջազգային կառույցներին պետք է կոչ անեմ, որ նրանք հիմք չհամարեն մեր վերոհիշյալ գերիների` խոշտանգումների, ճնշումների ներքո տված ցուցմունքները»,–ասաց Թաթոյանը։

Անդրադառնալով գերիների վերադարձի թեմային` նա նշեց, որ եռակողմ հայտարարության շրջանակներում եթե տարածքային հարցերում կողմերը կարող են որոշակի փոփոխություն իրականացնել, ապա գերիների հարցում չի կարող որևէ բան փոխվել։

Թաթոյանը նշեց, որ Ադրբեջանը խախտում է բոլոր նորմերը, օրինակ, հրադադար հայտարարելուց հետո շիրակցի 62 զինվորներին գերի վերցնելով և նրանց որպես ահաբեկիչ ներկայացնելով։ Բացի այդ, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնք Արցախում դատապարտված էին դիվերսիայի, դեռահասի և հայ սպայի սպանության համար, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում շիրակցիներին վերադարձնել։ Ի դեպ, ՄԻՊ–ը կարծում է, որ իրականում սխալ էր Գուլիևին և Ասկերովին Ադրբեջանին փոխանցելը։

Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել է աղոթք գերիների վերադարձի համար․ տեսանյութ

Հարցին, թե պատրա՞ստ է Թաթոյանն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպել և այս հարցերը բարձրացնել, ՀՀ ՄԻՊ–ը պատասխանեց, թե որևէ բարդույթ չունի այդ հարցում։

«Եթե ցանկություն լինի, ես պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Սակայն եթե մարդու իրավունքների պաշտպանության հարց լինի, Արցախի ՄԻՊ–ը պետք է ներկա լինի։ Բայց հարցն այն է, որ 2020-ի մայիսին Սաբինա Ալիևայի հետ հանդիպման հարցին ես կրկին դրական պատասխան էի տվել, վերջինս պատասխանել էր, թե ինձ հետ հանդիպման մասին կմտածի միայն այն դեպքում, երբ ես մեր իշխանությանը համոզեմ տարածքների դեօկուպացիայի մասին»,–ասաց Թաթոյանը։

Նա հավելեց միայն, որ այժմ միջազգային կառույցների միջոցով է աշխատում Ալիևայի հետ։ Թաթոյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ եթե մարդու իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, սակայն չի նշանակում` անձնական կամ ազգային արժանապատվության հաշվին պետք է հանդիպի Ալիևայի հետ։

Հիշեցնենք, որ 2021-ի հունվարի 9-ին ու 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

թեգերը:
գերի, Արցախյան պատերազմ, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ