ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ: Նման համոզմունք է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեր երկրում Ղազախստանի դեսպանի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանը դեսպան Թիմուր Ուրազաևին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձման հարցը:
«Դեսպանը, կարևորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջև, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման և նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Թիմուր Ուրազաևը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պետք չէ շահարկել. Մակունցը` Մոսկվայում գերիների հարցում համաձայնության չհասնելու մասին
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, անդրադարձել առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ կապերի խթանմանը և այլ հարցերի: