00:10 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
23010

Հայ և վրացի փորձագետների կարծիքով` արդեն ժամանակն է, որ քննարկվեն ու պարզաբանվեն կողմերի միջև կուտակված հարցերը և համագործակցության նոր ուղենիշներ ուրվագծվեն արցախյան պատերազմին հաջորդած իրողություններում։

Լաուրա Սարգսյան, Sputnik

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի թբիլիսյան այցը, որը վրացական կողմի գնահատականներով` ոչ պաշտոնական էր, իսկ ըստ հայկական կողմի` աշխատանքային, բազմաթիվ հարցեր ծնեց քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ–ներում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ այդ այցն առաջինն էր Այվազյանի` արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Աղմուկը նախևառաջ պայմանավորված էր այն աշխարհաքաղաքական իրավիճակով, որ արցախյան պատերազմից հետո ստեղծվել է տարածաշրջանում։

Պաշտոնական տվյալներով` նախարարները քննարկել են նման հանդիպման համար ավանդական հարցերի օրակարգ` բարիդրացիական հարաբերություններ, համագործակցություն, հարաբերությունների խորացման հետագա հեռանկարներ։

Ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի փորձագետների ու մասնագետների գնահատմամբ`Այվազյանի այցն այն ձևաչափով, որով կայացել է, նշանակում է` կողմերը խոսելու կարիք ունեին, այն էլ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքագետ Պետրե Մամրաձեն ՀՀ արտգործնախարարի այցը կապում է այն փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

«Վրաստանը սերտորեն կապված է հարևան երկու երկրների հետ, և գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հետ մի շարք ենթակառուցվածքային նախագծեր է իրականացնում։ Բաքուն բնական գազի, նավթի մատակարար է։ Բացի այդ, երկու երկրներն էլ բավական մեծ սփյուռք ունեն», – Sputnik Արմենիային ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով` դա է պատճառը, որ երկու կողմերն էլ Վրաստանի հետ կոնկրետ թեմաներից պետք է զրուցեն և քննարկեն` ինչպես շարունակել ապրել։

Մամրաձեն ընդգծեց, որ հաճախ այցի օրակարգն ու ստորագրված թղթերը զուտ պատրվակ են հանդիպման համար։ Փակ դռների հետևում քննարկվում է այն, ինչն իրականում է մտահոգում կողմերին, և այն, ինչի մասին հանրությունն այդպես էլ չի իմանում։

«Հավանաբար այցը հանպատրաստից է կազմակերպվել, իսկ կողմերը կարևոր թեմաներ ունեին քննարկելու, այդ պատճառով հանդիպումը ոչ պաշտոնական էր։ Սակայն ակնհայտ է մի բան` նրանք առանձին զրուցելու կարիք ունեին», – ասաց Մամրաձեն։

Վրացի քաղաքագետի հետ համակարծիք է նաև Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ Երևանն ու Թբիլիսին պետք է ծանոթանային միմյանց դիրքորոշումներին այն փոփոխություններից հետո, որոնք տեղի էին ունեցել և դեռ տեղի են ունենում տարածաշրջանում։

Փորձագետն ընդգծեց, որ հանդիպումն անհրաժեշտ էր Հարավային Կովկասում տեղի ունեցող ակտիվ գործընթացների համատեքստում, երբ Թուրքիան առաջակում է «Կովկասյան հարթակ» ստեղծել, իսկ ԱՄՆ–ն հայտարարություններ է անում Վրաստանի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հնարավորության մասին։

«Կան շփման ընդհանուր եզրեր, թեմաներ, որոնք պետք է քննարկվեն և համաձայնեցվեն տարածաշրջանում տիրող իրավիճակի, միջպետական հարաբերությունների օրակարգի, համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ։ Ծանր տարուց հետո արտաքին քաղաքական հարցերին վերադառնալու օբյեկտիվ անհրաժեշտություն էր ստեղծվել», – ասաց Մելիքյանը։

Նրա գնահատմամբ` այցը կարևոր էր առնվազն երկկողմ հարաբերությունների համատեքստում, որոնք խորացման ու զարգացման կարիք ունեն։ Այցի բնույթը չի զարմացրել Մելիքյանին ։ Փորձագետի խոսքով` պաշտոնական այցի կազմակերպման համար ժամանակ է հարկավոր, ավելի հեշտ է հանդիպումն անցկացնել այն ձևաչափով, որը հայտարարվել էր։ Նա համոզված է, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները քրտնաջան աշխատանք ու սերտ շփում են պահանջում։ Բացի այդ, երկրների մոտ հարցեր են կուտակվել, որոնք օպերատիվ քննարկում են պահանջում։

Ինչ վերաբերում է Թբիլիսիում հայկական բեռնատարների հետ կապված միջադեպին, ապա թե՛ հայ, թե՛ վրացի փորձագետները դա չեն կապում նախարարի այցի հետ` նշելով, որ տեղի ունեցածը հակասում է Վրաստանի շահերին։

«Վրաստանն այս բոլոր տարիների ընթացքում ներկայանում է որպես տրանսպորտային հանգույց, տարանցման երկիր, որն իր տարածքից օգտվելու հնարավորություն է տալիս հարևաններին ։ Այդ պատճառով բուն Վրաստանի համար դա իմիջի հարց է, և իրավապահ մարմինները կանեն ամեն բան, որպեսզի հետագայում բացառեն նման միջադեպերը», – ասաց Մելիքյանը։

Մամրաձեն համարում է, որ խնդիրը տեխնիկական է, ինչը չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա։ Նրա խոսքով` միջադեպից հետո ավելի մեծ ուշադրություն կպահանջվի Վրաստանի ոստիկանությունից, այդ թվում` վարչապետ Գեորգի Գախարիայից։

Հիշեցնենք` երեկ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել էր, որ հունվարի 24 լույս 25-ի գիշերը Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:

Վրաստանի ՆԳՆ–ում քրեական գործ է հարուցվել ՔՕ 187 հոդվածի համաձայն (գույքի վնասում կամ ոչնչացում):

Ըստ թեմայի

Վրաստանն ադրբեջանական գազի համար հատուկ զեղչ է ստացել
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա
Ինչի մասին են զրուցել Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ