22:42 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
60502

Փորձագետները թվարկել են այն գործոնները, որոնց պատճառով ՀՀ վարչապետը կարող էր հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի իշխանությունները փաստացի թաղեցին արտահերթ ընտրությունների գաղափարը, ինչը միանգամայն կանխատեսելի էր վերջին գործընթացների և իրադարձությունների ֆոնին։ Դեռևս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասել էր, որ եթե ընդդիմությունն ընտրություններ չի ուզում, ապա իշխանության համար էլ են դրանք կորցնում իմաստը։ Եվ ահա իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հանրության շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա։

Խմբակցության հայտարարության մեջ ասվում էր, որ վարչապետի` խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել ընդդիմության կողմից: Բացի այդ, նշվում էր, որ հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ չի ձևավորվել։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն այս որոշումը բացատրում է նրանով, որ իշխանությունը չի ուզում ռիսկի դիմել։ Ցանկացած ընտրություններ իշխանության կորստի, հետընտրական ցույցերի և քաղաքական ճգնաժամի խորացման վտանգ են պարունակում։ Առհասարակ Հայաստանում, չնչին բացառությամբ, միշտ էլ այդպես է եղել։

«Երևում է` ներկայիս ղեկավարությունը զգուշանում է իր համար անցանկալի սցենարներից՝ փողոցային ակտիվություն, զանազան անակնկալներ ընդդիմադիրներից։ Պետք է նաև հասկանալ, թե իշխող խմբակցությունն ինչու ընտրություններ չի ուզում։ Նրանցից ոմանք պարզապես կզրկվեն իրենց պատգամավորական աթոռներից։ Եթե հիմա խորհրդարանական մեծամասնությունը 88 հոգի է, ապա ընտրությունների արդյունքում խմբակցությունը հազիվ թե 40 տեղից ավել ստանա»,-ասաց Միքայելյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ինչ վերաբերում է առհասարակ իշխանությանը, ապա, մեր զրուցակցի տեսանկյունից, ներքաղաքական իրավիճակը դեռ չի կայունացել, հարցումները ցույց են տալիս, որ ղեկավարության վարկանիշը բավականին ցածր է, թեկուզ բավարար է մյուս բոլոր ուժերի մեջ առաջին տեղը գրավելու համար։ Եվ համապատասխանաբար նրանք փորձում են խուսափել ավելորդ ռիսկերից։

Հատկանշական է, որ արտահերթ ընտրություններից հրաժարվելու մասին խոսվեց այն բանից հետո, երբ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ եթե ընտրություններ անցկացվեն, ինքը կմասնակցի դրանց։ Կարելի է ենթադրել, որ իշխանություններն իրենց այդ քայլով ուզում են Ռոբերտ Քոչարյանի համար բացառել իշխանության գալու ցանկացած հնարավորություն։

«Առաջին հայացքից թվում է, որ ուզում են փակել Քոչարյանի ճանապարհները դեպի իշխանություն։ Քանի որ նա Ռուսաստան գնաց, հարցազրույց տվեց այնտեղ, կրկին հայտարարեց իր քաղաքական ծրագրերի մասին։ Իսկ հետո տեղի ունեցավ խմբակցության հանկարծակի հանդիպումը Փաշինյանի հետ։ Բայց ես դժվարանում եմ ասել, թե իրականում որքանով են այդ իրադարձությունները փոխկապակցված»,-նշեց Միքայելյանը։

Նա կարծում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Քոչարյանի վարկանիշը որոշ չափով բարձրացել է, իշխանությունը վախենում է, որ ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել Քոչարյանի շուրջը, և այդ դեպքում իշխող թիմի համար լրացուցիչ բարդություններ կառաջանան։

Քաղաքագետի կարծիքով՝ այն պնդումները, թե ընտրությունները թույլ կտային լիցքաթափել հանրության մեջ տիրող մթնոլորտը, նույնպես քննադատության չեն դիմանում։ Իրականում ոչ ոք չի կարող դա երաշխավորել։ Նախընտրական արշավը, քարոզչությունը, ընտրողների հետ հանդիպումները, մարզային այցելությունները՝ այդ ամենը լարվածության լրացուցիչ աղբյուր են հանդիսանում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե յուրաքանչյուր նախընտրական հանդիպում կոնֆլիկտի վերածվի։

«Իմ քայլը» դաշինքի հետ հանդիպման արդյունքները չեն զարմացրել քաղաքագետ Արմեն Բաղդասարյանին, որը դեռևս հունվարին մեզ հետ զրույցում ասել էր, որ ընտրությունները կարող են և տեղի չունենալ։ Հիմա նա պնդում է, որ իշխանությունները չէին էլ պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նրանց այդ գաղափարը պետք էր ներքաղաքական ճգնաժամը թուլացնելու համար։

«Իշխանություններին հաջողվեց նկատելի չափով նվազեցնել լարվածությունը, 17 ընդդիմադիր կուսակցությունների ձևաչափը ֆիասկո ապրեց, և հիմա ընտրությունների հարցը նրանց համար արդիական չէ»,-ասաց Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Միաժամանակ նա չբացառեց, որ Փաշինյանն ու նրա թիմը դեռ կվերադառնան ընտրությունների գաղափարին։ Օրինակ՝ այն դեպքում, եթե ընդդիմության՝ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը բազմամարդ և զանգվածային լինի, իշխանությունները կարող են ընտրությունները կրկին վերադարձնել օրակարգ։

«Իշխանությունը, որը խիստ իրավիճակային է գործում, երկարատև ռազմավարություն չունի։ Գործողությունները չափազանց հանկարծակի են, այն այսրոպեական խնդիրներ է լուծում։ Գլոբալ խնդիրն է ցանկացած գնով պահել իշխանությունը»,-ասում է քաղաքագետը։

Մեր զրուցակիցը արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշման համատեքստում նույնպես չի բացառում Քոչարյանի գործոնը։ Նախկին նախագահն ավելի ու ավելի բարձր է հայտարարում իր մասին, ցույց է տալիս, որ ունի Ռուսաստանի աջակցությունը, ընդ որում՝ նաև լուրջ ֆինանսական և մեդիառեսուրսներ ունի։ Այսինքն՝ ընտրություններում լավ արդյունքներ ունենալու բոլոր նախադրյալներն ունի, և, ըստ Բաղդասարյանի, միանգամայն հավանական է, որ իշխանությունները վախենում են նրանից։

Հիշեցնենք՝ Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնության ստորագրումից հետո Հայաստանում բողոքի ցույցեր սկսվեցին Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։ Մի շարք ընդդիմադիր ուժեր ներկայացրին վարչապետի իրենց թեկնածուին` Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանին։

Ընդդիմությունն առաջարկում է հեռացնել կառավարությանը, ձևավորել ժամանակավոր կառավարություն, այնուհետև արտահերթ ընտրություններ անցկացնել։ Իշխանությունն իր հերթին անցած տարեվերջին հանդես եկավ արդեն 2021թ․-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշմամբ՝ չսպասելով կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր ուժերը չհամաձայնեցին` համարելով, որ իշխանությունը կկեղծի ընտրությունների արդյունքները։

Ռոբերտ Քոչարյանի միակ հաղթաթուղթը Նիկոլ Փաշինյանն է. քաղաքագետ

Ըստ թեմայի

Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է դեսպան Ջոնաթան Լաքոտին. ի՞նչ են քննարկել
ՌԴ դեսպանն ասել է, թե ինչ են քննարկել Հայաստանի նախկին առաջնորդների հետ
Արտահերթ ընտրությունների պահանջ չկա․ «Իմ քայլը» աջակցում է վարչապետին և կառավարությանը
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ