03:32 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
79 0 0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Միրզոյանին հիշեցրեց, որ անցյալ ուրբաթ չէր ներկայացել ԱԺ խորհրդի նիստին` դրանով, ըստ էության, տապալելով ընդդիմության առաջարկով նիստի անցկացումը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱԺ հերթական նիստն այսօր մեկնարկեց ընդդիմության ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փոխադարձ մեղադրանքներով։

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Միրզոյանին ու ԱԺ մեծամասնությանն առաջարկեց հանգամանքից դառնալ գործոն։

«Եթե նկատել եք, երկրում ճգնաժամ է, ծայրահեղ վիճակ է։ Ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծման կարիք ունի։ Խորհրդարանական կառավարմամբ երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ դառնալ չի կարող։ Ես առաջարկում եմ հանգամանքից դառնալ գործոն։ Էդ չարաբաստիկ քաղաքական մենաշնորհի առկայությունը մեզ թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից, ինքնալուծարվել, վարչապետին անվստահություն հայտնել»,– ասաց Ուրիխանյանը` խորհրդարանական մեծամասնությունից պահանջելով հանգուցալուծում առաջարկել ու արտահերթ ընտրությունների հնարավորություն ստեղծել։

Ի պատասխան Միրզոյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետը երեկ հրապարակային իր ելույթում հանգուցալուծման առաջարկ ներկայացրել է։

«Կարելի է նստել, պայմանավորվել, հանգուցալուծում գտնել»,– ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ Միրզոյանին հիշեցրեց, որ անցյալ ուրբաթ չէր ներկայացել ԱԺ խորհրդի նիստին` դրանով, ըստ էության, տապալելով ընդդիմության առաջարկով նիստի անցկացումը։

«Դուք սովորական պատգամավոր չեք, դուք պարտավոր եք նման հարցերում լինել անաչառ, արբիտրի դեր տանել։ Եթե կար որոշում, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, որ չկայանա, դուք պարտավոր էիք ներկայանալ, բացել նիստն ու ազդարարել։ Բայց դուք ձեր պարտականությունները չեք կատարում»,– Միրզոյանին ասաց Մարուքյանը։

Նա նաև ԱԺ նախագահին մեղադրեց, որ չի տեսնում վերջինի դերակատարությունը երկրում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցում։

«Դուք կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, որ արհամարհել եք, կա՛մ պետք է հրաժարական տաք։ Դուք ձեր առաքելությունը չեք կատարել»,– ասաց Մարուքյանը։

Միրզոյանը փոխադարձ մեղադրանք հնչեցրեց Մարուքյանի հասցեին` նշելով, որ նա ևս հանգուցալուծման փոխարեն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը։

Ինչ վերաբերում է խորհրդի նիստին չներկայանալուն, Միրզոյանը նշեց, որ չի ներկայացել գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ պատճառով, բայց բոլոր դեպքերում դա իր իրավունքն է։

Հիշեցնենք Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դրանից առաջ վարչապետը պաշտոնից հեռացրել էր Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և փետրվարի 27–ին հետ ուղարկեց։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Ըստ թեմայի

«Օնիկ Գասպարյանի վերաբերյալ նախապայմանն անընդունելի է մեզ համար»․ Ռուբինյան
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. ՀՀ նախագահը վատառողջ է
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Տիգրան Ուրիխանյան, Արարատ Միրզոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ