14:16 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Արա Այվազյանի խոսքով՝ հայկական դիվանագիտությունն այսուհետ ավելի պրագմատիկ կլինի հարևանների հետ հարաբերություններ կառուցելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց, որ Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացումը հայկական դիվանագիտության օրակարգում է, բայց Երևանն իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում որևէ երրորդ կողմի դեմ։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը նախարարին հարցրեց` Հայաստանը չի՞ պատրաստվում ակտիվացնել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը ՝ որպես հակակշիռ թուրքական ագրեսիվ քաղաքականությանը։

Այվազյանի խոսքով՝ այդ ձևաչափը մնում է Հայաստանի օրակարգում, սակայն ՀՀ–ն տարածաշրջանում թշնամիներ չի փնտրում, քանի որ շատ լավ գիտի խաղաղության գինը:

«Հայաստանը պետք է պրագմատիկ մոտեցում մշակի իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս՝ հաշվի առնելով տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի սահմանների ողջ երկայնքով ստեղծվի անվտանգության կայուն միջավայր»,– շեշտեց նախարարը։

Նա ավելացրեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում, չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, ինքը մի շարք արտասահմանյան ուղևորություններ է կատարել, իսկ դիվանագետները նշված խնդրի լուծման շրջանակում ակտիվ առցանց շփումներ են պահպանում օտարերկրյա գործընկերների հետ:

Դեռևս անցյալ տարվա ապրիլին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարները տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված եռակողմ համագործակցության հաստատման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին: Նախատեսվում էր նաև եռակողմ գագաթնաժողով անցկացնել Երևանում, սակայն միջոցառումն այդպես էլ չկայացավ։

Գլխավոր թեմաներ