05:48 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
49520

Նախարարը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարվել է պաշտոնից և այդ մասին գրառում արել Facebook–ում։

«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։ Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»,– գրել է նա։

Արշակյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այդ բարձր պաշտոնում հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Նա շնորհակալ է նաև կառավարության գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

«Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննադատության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար»,– նշել է նախարարը։

Նար նշել է, որ աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն առաջին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ, և Նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության և հասարակության առաջնահերթ շահերով։

«Մեր եղբայրներից շատերն ընկան մարտում, գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի և ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ և լավ մարդիկ, իրար մի բաժանեք ու դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտանգ ու զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։ Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»,– եզրափակել է Արշակյանը։

Հիշեցնենք` մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։ Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։

Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Ավելի ուշ ևս մեկ տեսանյութ տարածվեց, որում երևում է, որ Արշակյանը կնոջ հետ սրճարանում ընդմիջում է անում, երբ լրագրողը տեսախցիկը միացրած մոտենում է նրան և հարցեր տալիս։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Ըստ թեմայի

Տիրան Խաչատրյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել. նա պետք է շարունակի աշխատել. պաշտպան
ԱԱԾ ապագա տնօրենի «առաջխաղացումը» շարունակվում է. նախագահն արդեն ստորագրել է հրամանագիրը
Որևէ պատճառ չի կարող արդարացնել բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից. ՄԻՊ
թեգերը:
պաշտոն, Հակոբ Արշակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ