00:39 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
41330

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ինչպես օգտակար լինել Հայաստանի համար, այնպես էլ վնասակար։ Ամեն ինչ կախված կլինի ՀՀ–ի քաղաքականությունից և պատմական հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանում ողջունում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։ Սակայն փորձագիտական շրջանակները մտահոգված են Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսպես կոչված «մեղմ» արձագանքով։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը չի բացառում, որ Բայդենն ու Էրդողանը նախապես քննարկել են ինչպես Սպիտակ տան ղեկավարի` «ցեղասպանություն» եզրույթը հնչեցնելու մտադրությունը, այնպես էլ Անկարայի հետագա արձագանքը։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը  Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։

«Թուրքիայի և հատկապես Էրդողանի այդպիսի մեղմ արձագանքն անսպասելի էր։ Ավելին, Անկարայում հակաամերիկյան հիստերիա չսկսվեց, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լոքմագյոզյանը։

Թուրքագետը ենթադրում է, որ ուղերձի նախորդ օրը Բայդեն–Էրդողան հեռախոսազրույցը պատահական չի եղել։ Ամենայն հավանականությամբ Վաշինգտոնն ինչ–որ բան է փոխարենն առաջարկել Անկարային։ Փորձագետը չի պնդում, որ Թուրքիան կոնկրետ ինչ–որ բան է ստանալու Հայաստանի հարցով կամ սիրիական խնդրի, բայց համոզված է, որ քիչ խոստում չի տրվել։

Լոքմագյոզյանը կարծում է` ինչ էլ որ կանգնած լինի ճանաչման հետևում, ՀՀ իշխանությունները պետք է պաշտպանեն սեփական պետականությունը, բարձրացնեն պատմական հողերի վերադարձի հարցը։

Հակառակ դեպքում բոլոր ջանքերը, այդ թվում` ԱՄՆ հայ համայնքի, զուր կլինեն։ Նա ընդգծեց, որ պետք է գործողությունների հստակ պլան կազմել` ինչ է պետք անել և ստեղծված իրողություններն ինչպես օգտագործել ի շատ մեր երկրի։

Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը վերլուծելով` միջազգային հարցերի փորձագետ Նաիրի Հոխիկյանն իր հերթին առաջարկում է հասկանալ տողատակերում թաքնված իմաստը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշեց, որ Բայդենը կատարել է հայ համայնքին տված խոստումը։ Բացի այդ, հարմար առիթ է առաջացել, երբ ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերը բարենպաստ պայմաններ են ստեղծել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար։

«Է՜յ, Էրդողան». թուրք բասկետբոլիստ Կանտերի և այլ հայտնիների արձագանքը Բայդենի ելույթին

Նա հիշեցրեց, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը երբեք չեն թաքցրել, որ ընդունում են Հայոց ցեղասպանության իրողությունը, սակայն մյուս կողմից էլ չեն թաքցրել այն դիրքորոշումը, որ ելնելով քաղաքական նկատառումներից` նախկինում չէին կարող այդ մասին պաշտոնապես խոսել։ Հոխիկյանը հիշեցրեց, որ Բայդենը ԱՄՆ երրորդ նախագահն է, որ օգտագործեց այդ եզրույթը։ 1978 թվականին նույնն արել է Ջիմի Քարթերը, 1981 թվականին` Ռոնալդ Ռեյգանը։

«Տարբերությունն այն է, որ Հայաստանն անկախ պետություն չէր և ցեղասպանության ճանաչումը մեր պետական օրակարգում չէր», – ասաց Հոխիկյանը։

Փորձագետի խոսքով` փաստն ինքնին ոգևորիչ է և ուրախալի, սակայն դրանից ոգևորության մեծ առարկա սարքելն ու մտածելը, որ վաղը ստանալու ենք Արևմտյան Հայաստանի հողերը, որ Թուրքիան փոխհատուցելու է մեր մարդկային ու տարածքային կորուստների համար, տեղին չի լինի, որովհետև մինչ օրս բազմաթիվ պետությունների ճամաչումից հետո պահանջատիրության հարցում ոչինչ չի փոխվել։ 

Նա առաջարկում է ուշադրություն դարձնել ԱՄՆ առաջնորդի հայտարարության նաև այլ կետերին։ Մասնավորապես փորձագետին մտահոգել է, որ Բայդենը հայտարարել է, թե ճանաչումը նպատակ չունի մեղադրելու որևէ մեկին, կարևորն այն է, որ անցյալի ողբերգությունները չկրկնվեն։

«Ստացվում է, որ ԱՄՆ առաջնորդը ափսոսանք է հայտնում 1.5 մլն հայերի ոչնչացման վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ ԱՄՆ–ն կատարվածի համար չի մեղադրում Թուրքիային։ Իսկ դա նշանակում է` ԱՄՆ–ն չի համարում, որ Անկարան պետք է պատասխան տա այդ ժամանակահատվածում իրականացված հանցագործությունների համար», – ասաց Հոխիկյանը` հավելելով, որ Թուրքիայից պատասխան չպահանջելը սխալ է։

Հոխիկյանը համոզված է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ հանուն Հայաստանի և հայերի զոհաբերել Անկարայի հետ տնտեսական հարաբերությունները. ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշը աշխարհում ամենաբարձրն է` 26 մլրդ դոլար։

Բայդենի ուղերձից հետո Էրդողանը զանգել է Ալիևին

Այդ համատեքստում նա նշեց նաև, որ ԱՄՆ–ն որևէ իրավական քայլ չի ձեռնարկի։ Ըստ էության, Միացյալ Նահանգները ճանաչում է 106 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունները, բայց չեղարկում է Անկարային ուղղված բոլոր մեղադրանքները։

Հոխիկյանը նաև կարծում է, որ անկախ ստեղծված իրողություններից, Երևանը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային քաղաքականությունը։

«Անհրաժեշտ է, որ ազգային պահանջատիրության շրջանակում մենք ինքներս նախաձեռնենք փոխհատուցման գործընթաց, և եթե պատմական հայրենիքը առաջնային չհամարենք, ապա երբ գա փոխհատուցման պահը, մեզ լավագույն դեպքում կարող են ֆինանսապես փոխհատուցել, և վերջ, մինչդեռ մեր պահանջատիրության հիմքում պատմական հողերի վերադարձն է, քանզի մեզ ցեղասպանել են մեր հարազատ բնօրրանում», – ասաց Հոխիկյանը։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։ Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։ Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Ըստ թեմայի

Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Ջո Բայդենին
«Վերջապես այդ օրը եկավ»․ Քիմ Քարդաշյանն արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը
Սա բարոյական հաղթանակ է․ Արցախի ԱԳՆ-ն՝ Բայդենի հայտարարության մասին
Իսրայելը Բայդենի օրինակին չհետևեց
թեգերը:
Նաիրի Հոխիկյան, Տիրան Լոքմագյոզյան, Ջո Բայդեն, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Հայոց ցեղասպանություն, Թուրքիա

Գլխավոր թեմաներ