ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համար բոլոր ջանքերը գործադրելու պատրաստակամությունը, սակայն Բաքվի գործողություններն ուղղված են դրանց տապալմանը: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Կցանկանայի հավաստիացնել ձեզ, որ Հայաստանն այսուհետ ևս բոլոր միջոցները կձեռնարկի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Մենք նաև պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել եռակողմ ձևաչափով կողմերի կառուցողական երկխոսությունն ապահովելու համար», - շեշտել է Փաշինյանը։
Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները բոլորովին չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին:
«Բաքվի գործողությունները, որը շահարկում է ռազմագերիներին հանձնելու հարցը, հակահայկական վակխանալիա է կազմակերպում և տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանին, ընդհակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի սրմանը և պայմանավորվածությունների տապալմանը», - հավելել է Փաշինյանը:
Նա գոհունակությամբ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը և վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա վերջնական կարգավորման հասնելու նպատակով խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև Հայաստան–Ռուսաստանի հարաբերությունների մասին։
«Կարելի է արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերությունները, որոնք բազմաթիվ անգամ դիմացել են ամրության փորձություններին, ավելի են ամրապնդվել։ Ծանր պահին Ռուսաստանը օգնության ձեռք մեկնեց մեզ, օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համաճարակի և դրա հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով։ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ռազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի էական ապաէսկալացման։ Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է», - ասել է Փաշինյանը։
Նա հատուկ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում և նրա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության պայմանների ստեղծմանը։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։
Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այնուհետև նրան ընդունել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Դիվանագետները հուշագիր են ստորագրել։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։
Այնուհետև նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։