ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գործուղվում են Ստրասբուրգ` ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար։
Այս գործուղումը մամուլում արդեն տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, ոչ միայն այն պատճառով, որ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ–ն չի կարողանում նիստ գումարել, քանի որ պատգամավորներն ուղղակի նիստի չեն գալիս` մոռանալով, որ դեռ կրում են պատգամավորի պարտավորությունները, այլև այն պատճառով, որ գործուղման հիմնական մասը, փաստորեն, արտահերթ ընտրություններից հետո է։
Ըստ որոշ մեկնաբանությունների` ընտրություններից հետո պատգամավորները պետք է զրկվեն իրենց մանդատներից։
Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ Սահմանադրության 90 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` «արտահերթ ընտրության դեպքում գործող ԱԺ–ի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը վայր է դրել մանդատը
Այլ կերպ ասած` եթե ընտրություններն ավարտվեն առաջին փուլով, ապա գործող ԱԺ–ի պատգամավորները դեռ առնվազն 3 շաբաթ կրելու են իրենց պատգամավորական մանդատները։
Ի դեպ, հետաքրքրական է, որ Ստրասբուրգ գործուղվող պատգամավորներից ոչ ոք այս ընտրություններին չի մասնակցում, հետևաբար, այս գործուղումը նրանց համար լինելու է այդ կարգավիճակում վերջինը։